ԱՊՀ արտաքին գործերի նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցը։ Այս մասին ուրբաթ Դուշանբեում ԱՊՀ ԱԳՆԽ նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը , տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Ինչպես ընդգծել է Լավրովը, Բաքվի եւ Երեւանի ներկայացուցիչները գնահատել են Ռուսաստանի Դաշնության կարեւոր նախաձեռնողական դերը ճգնաժամի կարգավորման գործում։

Նրա խոսքով՝ ԱՊՀ երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Կենտրոնական Ասիայի մի շարք կառույցներում (որոնցում ներգրավված է տարածաշրջանը) առկա հարաբերություններին վնասելու հաշվին ազդեցությունն ընդլայնելու Արեւմուտքի փորձերը։ «Մենք քննարկել ենք դրությունը Կենտրոնական Ասիայում, այդ թվում հաշվի առնելով Կենտրոնաասիական տարածաշրջանի հանդեպ ձեռնարկվող այն փորձերը, որոնք կատարում են արեւմտյան մեր գործընկերները՝ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ականները, փորձեր, որոնք ուղղված են իրենց ազդեցությունը տարածաշրջանում ամրացնելուն՝ ՀԱՊԿ, ԱՊՀ, ՇՀԿ եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում առկա հարաբերություններին վնաս հասցնելու հաշվին»,- ասել է նա։

Ըստ Լավրովի, նախարարները քննարկել են նաեւ իրավիճակն Աֆղանստանի շուրջ եւ դրա ազդեցությունը Կենտրոնական Ասիայի անվտանգության վրա։