Բաքուն Երեւանի հետ չի քննարկի սահմանազատման եւ հաղորդակցության հարցերը։ Այս մասին գրել է haqqin.az ադրբեջանական գործակալությունը։

«Նախօրեին տարածվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը մայիսի 16-17-ին Մոսկվայում սահմանազատման եւ սահմանային անվտանգության գծով Ադրբեջանի եւ Հայաստանի հանձնաժողովների միջեւ պատրաստվող հանդիպման մասին։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղեկատվությամբ՝ «Օվերչուկի մոսկովյան ձեւաչափի» շրջանակում նախատեսվում են հանդիպում եւ քննարկում հայ-ադրբեջանական օրակարգի վերոնշյալ երկու կարեւոր հարցերի վերաբերյալ։

Բայց ավելի ուշ haqqin.az-ը հերքել է Ա.Միրզոյանի այս տեղեկությունը։ Տեղեկացվել է, որ Ադրբեջանը չի հաստատել եւ համաձայնություն չի տվել սահմանազատման եւ սահմանային անվտանգության վերաբերյալ երկկողմ հանդիպում անցկացնելուն։ Մայիսի 16-17-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մասնակցությամբ Մոսկվայում պետք է տեղի ունենա հանդիպում միայն հաղորդակցությունների հարցերի շուրջ։ Եռակողմ ձեւաչափով նման հանդիպումները կրում են մշտական բնույթ։

haqqin.az-ը նշել է, որ սահմանազատման քննարկման մասին տեղեկությունը հիմնավորված չէ։ Ինչպես այսօր, մայիսի 13-ին  հայտնի է դարձել, կողմերի միջեւ պայմանավորվածություն չկա նաեւ հաղորդակցությունների եւ սահմանային անվտանգության հարցերի քննարկման մասին»,- գրել է պարբերականը։