Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի նորանշանակ ղեկավար Ստեֆան Մալերիուսին։

Փոխվարչապետի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ փոխվարչապետը շնորհավորել է Ստեֆան Մալերիուսին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Հիմնադրամում ունեցած իր բազմամյա աշխատանքային փորձը կծառայեցնի հայ-գերմանական կապերի ամրապնդմանը և համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը։ 

Հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար և նշել, որ Հիմնադրամը պատրաստ է ոչ միայն շարունակել առկա համագործակցությունը, այլև նոր ծրագրեր իրականացնել՝ համաձայն ստացվող առաջարկների։

Համբարձում Մաթևոսյանը կարևորել է Հիմնադրամի գործունեությունն ու վերջինիս կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ տնտեսական, կրթական և քաղաքական ոլորտներում։ Այս համատեքստում, բարձր է գնահատվել հատկապես նորարարական ոլորտներում ցուցաբերվող աջակցությունը՝ Արհեստական բանականության ոլորտի համաժողով և հանրային ծառայողների համար տեխնոլոգիական կրթության դասընթաց կազմակերպելու առումով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ համագործակցության զարգացման հնարավորությունները, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել պետական ծառայողների համար իրավական և տեխնոլոգիական կրթական  ծրագրերի շարունակականության ապահովմանը, Հայաստանի և Գերմանիայի բուհերի ու հետազոտական կազմակերպությունների միջև տեխնոլոգիական կրթության ոլորտում համագործակցության հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաև ուսուցողական այցերի կազմակերպմանը։