ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը զրուցել է Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի եւ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոյի հետ՝ երկրների միջեւ պաշտպանական եւ անվտանգության սերտ համագործակցությունը, ինչպես նաեւ անդրատլանտյան անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերը քննարկելու համար: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։

«Նախագահ Բայդենն ընդգծել է իր աջակցությունը ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը եւ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ իրենց ապագան, արտաքին քաղաքականությունը եւ անվտանգության միջոցառումները որոշելու իրավունքին»,- ասվում է հայտարարության մեջ։

Առաջնորդները նաեւ քննարկել են իրենց երկրների միջեւ սերտ գործընկերությունը մի շարք գլոբալ հարցերի շուրջ։

«Նրանք վերահաստատել են իրենց համատեղ հանձնառությունը՝ շարունակելու քայլերի համակարգումը՝ ի պաշտպանություն Ուկրաինայի եւ պատերազմից տուժած ուկրաինացի ժողովրդի»,- նշվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ: