Աշխարհի առաջատար տնտեսությունների G7 խումբը շաբաթ օրը նախազգուշացրել է, որ «Ուկրաինայում պատերազմը խթանում է համաշխարհային պարենային եւ էներգետիկ ճգնաժամ, որը սպառնում է աղքատ երկրներին, եւ հրատապ գործողություններ են անհրաժեշտ հացահատիկի պահեստարանները բացելու համար, քանի որ Ռուսաստանը թույլ չի տալիս, որ Ուկրաինայից ցորեն դուրս գա», հաղորդում է AP-ն։

Գերմանիայի Բալթյան ափին եռօրյա հանդիպումից հետո հրապարակված հայտարարության մեջ G7-ի երկրները նաեւ կոչ են արել Չինաստանին չօգնել Ռուսաստանին, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցները խարխլելու կամ Ուկրաինայում Մոսկվայի գործողությունները արդարացնելու միջոցով:

«Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը հանգեցրել է նորագույն պատմության մեջ ամենալուրջ պարենային եւ էներգետիկ ճգնաժամերից մեկին, որն այժմ սպառնում է աշխարհի ամենախոցելի բնակչությանը»,- հայտարարել է G7-ը:

«Մենք լի ենք վճռականությամբ, որպեսզի արագացնենք համակարգված բազմակողմ արձագանքը՝ համաշխարհային պարենային անվտանգությունը պահպանելու եւ այս հարցում մեր ամենախոցելի գործընկերներին աջակցելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

G7-ը Պեկինին խնդրել է «աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ անկախությանը եւ չօգնել Ռուսաստանին իր ագրեսիվ պատերազմում»։

G7-ը, որի մեջ մտնում են Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան եւ ԱՄՆ-ը, նաեւ կոչ է արել Չինաստանին «ձեռնպահ մնալ տեղեկատվության մանիպուլյացիայից, ապատեղեկատվությունից եւ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը օրինականացնելու այլ միջոցներից»: