ԱՄՆ կառավարության չորս բարձրաստիճան պաշտոնյաներ այս շաբաթ ժամանել են Տալլին, որպեսզի հանդիպեն Էստոնիայի կառավարության ներկայացուցիչների հետ եւ մասնակցեն քաղաքացիական հասարակության կողմից կազմակերպված միջոցառումներին, հայտնում է էստոնական ERR տեղեկատվական պորտալը։

Մասնավորապես, Տալլին են ժամանել ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը, պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Սելեստա Վոլանդերը, ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը եւ Բելառուսի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ջուլի Ֆիշերը։

Ավրիլ Հեյնսը Տալլին ժամանել է Էստոնիայի բարձրագույն պաշտոնյաների հետ տարբեր հանդիպումներ եւ միջոցառումներ անցկացնելու, ինչպես նաեւ առանձին կհանդիպի կանանց հետ, որոնք Էստոնիայում պետական ծառայության մեջ են: Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը, վարչապետ Կայա Կալլասը եւ արտաքին գործերի նախարար Եվա-Մարիա Լիիմեցը երկկողմ հանդիպումներ են ունեցել Ավրիլ Հեյնսի հետ։

Սելեստա Վոլանդերը ժամանել է Տալլին, որպեսզի հանդիպի Էստոնիայի կառավարության ներկայացուցիչների, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարության կանցլեր Ջոնաթան Վսեւյովի, պաշտպանության նախարարության կանցլեր Կուստի Սալմի եւ պաշտպանության նախարարության այլ պաշտոնյաների հետ։ Վոլանդերը մասնակցում է նաեւ Պաշտպանության եւ անվտանգության միջազգային կենտրոնի (ICDS) կազմակերպած Լենարտ Մերիի համաժողովին։

Իր այցի ընթացքում Մայքլ Քարփենթերը կհանդիպի Էստոնիայի արտաքին գործերի նախարար Եվա-Մարիա Լիիմեցի եւ արտգործնախարարության կանցլեր Ջոնաթան Վսեւյովի, ինչպես նաեւ կառավարության այլ պաշտոնյաների հետ։ Դեսպանը մասնակցում է նաեւ Լենարտ Մերիի համաժողովին։

Ջուլի Ֆիշերը երկուշաբթի եւ երեքշաբթի կայցելի Տալլին՝ արտաքին գործերի նախարարությունում եւ նախագահի ու վարչապետի գրասենյակներում նա կհանդիպի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Իր այցի ընթացքում դեսպան Ֆիշերը կհանդիպի նաեւ Էստոնիայում բելառուսական սփյուռքի անդամների հետ եւ ելույթով հանդես կգա Տալլինի «YouTube-ը հանուն ժողովրդավարության» գագաթաժողովում, որպեսզի ընդգծի Բելառուսի Հանրապետությունում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խթանման հարցում ԱՄՆ կառավարության հանձնառությունը: