Թեհրանը մտադիր չէ մրցակցել Մոսկվայի հետ նավթի շուկայում, եթե արեւմտյան երկրներն Իրանի հետ ԳՀՀԾ պայմանագիր կնքեն, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Վիեննայում Իրանից բանակցողների պատվիրակության խորհրդական Մոհամմադ Մարանդին։

«Իրանն ընդհանրապես չի կարող Ռուսաստանի մրցակիցը լինել նավթի եւ գազի համաշխարհային շուկայում։ Իրանը վաղուց նավթի իր մշտական գնորդներն ունի, բայց հիմա իր նավթն արտահանում է ամբողջ հզորությամբ, այսինքն՝ Իրանը արդյունահանում է ամբողջ հզորությամբ եւ վաճառում է առավելագույն քանակությամբ նավթ հենց հիմա։ Բայց եթե ԳՀՀԾ-ն, այնուամենայնիվ, ստորագրվի, ապա արտադրական հզորությունը եւ վաճառքի ծավալը կարող են մի փոքր էլ աճել։ Միաժամանակ Թեհրանը երբեք չի պատրաստվում Մոսկվայի մրցակիցը լինել նավթի շուկայում»,- ասել է Մարանդին։

2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Իրանը ստորագրեցին միջուկային գործարք՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ներառում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ ԳՀՀԾ-ից եւ վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։