Այս տարվա հունվար-մարտին ընդհանուր առմամբ Ռուսաստանի քաղաքացիություն է ընդունել այլ երկրների գրեթե 141 700 քաղաքացի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը նվազել է 19 300 մարդով (կամ 12 տոկոսով)։

Կարելի՞ է արդյոք այս անկումը կապել Ուկրաինայում Ռուսաստանի «ռազմական գործողության» հետ։ Հիշեցնենք, որ այս «օպերացիան» սկսվել է փետրվարի 24-ին եւ շարունակվում է մինչ օրս։ Բայց, հարկ է հաշվի առնել մի կարեւոր հանգամանք։ Քաղաքացիության ձեւակերպումը բավական երկար գործընթաց է: Հետեւաբար, «ռազմական գործողության» գործոնը, եթե այն ազդի այս ոլորտի վրա, հիմնականում կլինի մարտին հաջորդող ամիսներին։

Աշխարհագրական առումով՝ Ռուսաստանի «նոր» քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հետխորհրդային հանրապետություններից է։ Վերջինիս մասնաբաժինը (առանց Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի) հունվար-մարտին ընդհանուր ցուցանիշում կազմել է 97 տոկոս։ Այս երկրներում հունվար-մարտ ամիսներին 18 900 մարդով (կամ 12,1 տոկոսով) նվազել է նաեւ Ռուսաստանի քաղաքացիություն ընդունողների ընդհանուր թիվը։

Սակայն եղել են նաեւ բացառություններ, որոնց թվում է Հայաստանը։ Հունվար-մարտին մեր գրեթե 10 900 քաղաքացիներ ՌԴ քաղաքացիություն են ստացել։ Տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 700 մարդով (կամ 7,1 տոկոսով)։ Ստորեւ բերված գրաֆիկը ցույց է տալիս այդ ցուցանիշի դինամիկան 2017-2022 թվականների հունվար-մարտին։

Ռուսաստանի քաղաքացիություն ընդունած քաղաքացիների թվի բացարձակ աճի ռեկորդը սահմանել է Տաջիկստանը՝ տարեկան կտրվածքով, գրեթե 13 000 մարդ (կամ աճ՝ 1,6 անգամ): Նկատենք, որ միջինասիական այս երկիրը Ռուսաստան սեզոնային աշխատանքային միգրացիայի մասշտաբով առաջատար երկրներից է։

Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության տվյալներով՝ անցյալ տարի գրանցվել է Տաջիկստանի քաղաքացիների միգրացիայի հաշվառման գրեթե 3,1 մլն փաստ։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանի դեպքում այս ցուցանիշը չի հասել 0,6 մլն դեպքի, այսինքն՝ 5 անգամ քիչ է։

Նկատենք, որ բնակչության թվաքանակով հարաբերակցությունը փոքր-ինչ պակաս է՝ մոտ 3 անգամ։ Ինչպես սեզոնային աշխատանքային միգրացիայի, այնպես էլ Ռուսաստանի քաղաքացիության ընդունման պատճառները միանգամայն հասկանալի են։ Այնտեղ միգրանտները կարող են աշխատանք գտնել, այն էլ ավելի բարձր եկամտով, քան իրենց հայրենիքում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կենսամակարդակը դեռ ավելի բարձր է, քան Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում։ Բացի այդ, չնայած որոշ խոչընդոտներին, Ռուսաստանի քաղաքացիություն ստանալն ավելի հեշտ է, քան, ասենք, եվրոպական երկրներինը կամ ԱՄՆ-ինը: Բայց, Ռուսաստանի «ռազմական գործողությունից» հետո իրավիճակը կտրուկ փոխվել է։ Ռուսաստանցի փորձագետներից մեկի կարծիքով՝ առաջիկա ամիսներին գրանցված գործազրկության մակարդակը կաճի։ Շինարարության հետ կապված հոռետեսական կանխատեսումներ կան։ Այսինքն՝ այն ոլորտը, որում զբաղված են բազմաթիվ աշխատանքային միգրանտներ Հայաստանից։ Իր դերը կխաղա նաեւ Ռուսաստանում երկնիշ ինֆլյացիան։

Այս բոլոր գործոնները բացասաբար կանդրադառնան (եւ արդեն ազդել են) սեզոնային աշխատանքային միգրացիայի վրա: Սակայն այդ դեպքում կկրճատվի՞ արդյոք Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերել ցանկացող մեր քաղաքացիների թիվը։

Չի կարելի ասել, որ Հայաստանում պատկերն ավելի լավ է, քան Ռուսաստանում։ Մեր քաղաքացիների արտագաղթին մեծապես «նպաստում» է երկրի անկայուն վիճակը, Հայաստանի սահմանամերձ շրջաններում լարվածությունը եւ այլն։

Ավելորդ չէ նշել, որ այս գործոնները բացասաբար են ազդում մեր երկրի համար այդքան անհրաժեշտ օտարերկրյա ներդրումների հոսքի վրա։ Ակնհայտ է, որ զբաղվածության եւ ցածր եկամուտների հետ կապված քրոնիկական խնդիրները դժվար թե տեսանելի ապագայում լուծվեն: Այսինքն՝ արտագաղթի այս «խթանը» շարունակվելու է։ Ավելացնենք ՌԴ քաղաքացիություն ստանալու եւս մեկ դրդապատճառ։ Գաղտնիք չէ, որ կենսաթոշակային տարիքի շատ քաղաքացիներ ձգտում են Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերել հանուն շատ ավելի բարձր կենսաթոշակի, քան մեր երկրում է։

Ընդ որում, ստանալով այս քաղաքացիությունը, այդ անձինք շարունակում են ապրել Հայաստանում՝ այստեղ ստանալով ռուսական թոշակ։ Ելնելով վերոգրյալից՝ մեզ մնում է միայն ակնկալել ժամանակավոր դանդաղում Հայաստանի բնակիչների կողմից Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացում։ Շատ բան կախված է Ուկրաինայի պատերազմի անկանխատեսելի ելքից եւ Ռուսաստանի կողմից՝ արեւմտյան պատժամիջոցների հետ կապված խնդիրների լուծումից։

Մի բան ակնհայտ է՝ զանգվածային արտագաղթը սպառնում է ծանր հետեւանքներով մեր երկրի համար։ Նշենք, որ 2017-2021 թվականներին եւ այս տարվա հունվար-մարտ ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել մեր գրեթե 165 000 քաղաքացի։ Սա Հայաստանի մշտական բնակչության 6 տոկոսն է։ Սրան պետք է ավելացնել, թեեւ ավելի փոքր մասշտաբով, մեր քաղաքացիների մեկնումը այլ երկրներում մշտական բնակության։ Փաստորեն, այն, ինչ տեղի է ունենում վերջին տարիներին, կարելի է համարել Հայաստանից արտագաղթի հերթական հզոր ալիք։

Տիգրան Վարդանյան