Թուրքիան «դուռը չի փակում» ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության համար, սակայն ցանկանում է բանակցել սկանդինավյան երկրների հետ եւ սահմանափակել ահաբեկչական գործողությունները, հատկապես Ստոկհոլմում, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը, հաղորդում է Reuters-ը։

«Մենք դուռը չենք փակում։ Բայց մենք այս հարցը հիմնականում բարձրացնում ենք որպես Թուրքիայի ազգային անվտանգության հարց»,- ասել է Քալինը Reuters-ին տված հարցազրույցում:

Ավելի վաղ Էրդողանը զարմացրել էր ՆԱՏՕ-ի անդամներին եւ անդամության հավակնող երկու սկանդինավյան երկրներին՝ ուրբաթ օրը ասելով, որ Թուրքիան չի կարող աջակցել դաշինքի ընդլայնմանը, քանի որ Ֆինլանդիան եւ Շվեդիան «տուն են բազմաթիվ ահաբեկչական կազմակերպությունների համար»:

Այժմ ԱՄՆ-ը եւ անդամ մյուս երկրները փորձում են ճշտել Անկարայի դիրքորոշումը։

Շվեդիան եւ նրա ամենամոտ ռազմական գործընկեր Ֆինլանդիան մինչեւ հիմա դուրս են մնացել ՆԱՏՕ-ից, որը հիմնադրվել է 1949 թվականին՝ «սառը պատերազմի» ժամանակ Խորհրդային Միությանը դիմակայելու համար: Երկու երկրներն էլ զգուշանում են իրենց խոշոր հարեւանի հետ թշնամանքից, սակայն նրանց անվտանգության մտավախությունները ուժեղացել են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո:

Ակնկալվում է, որ Ստոկհոլմը կհետեւի Հելսինկիի օրինակին եւ կարող է արդեն երկուշաբթի օրը 30 երկրներից բաղկացած ռազմական դաշինքին միանալու հայտ ներկայացնել:

Քալինը հայտարարել է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը «դրամահավաք եւ հավաքագրումներ է անում Եվրոպայում, եւ նրա ներկայությունը ուժեղ, բաց եւ ճանաչված է» հատկապես Շվեդիայում։

«ՆԱՏՕ-ին անդամակցությունը միշտ գործընթաց է։ Կտեսնենք, թե ինչպես կգնան գործերը: Բայց սա առաջին կետն է, որի վրա մենք ցանկանում ենք հրավիրել բոլոր դաշնակիցների, ինչպես նաեւ Շվեդիայի իշխանությունների ուշադրությունը»,- հավելել է նա։ «Իհարկե, մենք ցանկանում ենք քննարկումներ, բանակցություններ վարել մեր շվեդ գործընկերների հետ»։