Հայաստանում խորանում է մենաշնորհների ազդեցությունը։ Եթե նախկինում մենաշնորհները տարածվում էին մեծածախ առեւտրի վրա, ապա այսօր մենաշնորհ ունեցողները յուրացրել են նաեւ մանրածախ առեւտուրը՝ խտրական քաղաքականության միջոցով դուրս մղելով փոքր եւ միջին բիզնեսին։ Այս մասին մայիսի 14-ին կայացած քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Նա նկատեց, որ այն իշխանությունները, որոնք պետք է զբաղվեն այս հարցերով, մոնոպոլիստների փաստաբան են դարձել։

«Պաշտոնյաները կա՛մ անգործության են մատնված, կա՛մ սպասարկում են կոնկրետ խմբի շահերը։ Նոր կառավարությունը պետք է նոր քաղաքականություն վարի։ Չպետք է այնպես լինի, որ մոնոպոլիստներից նվերները նորմալ ընկալվեն, ինչպես դա տեղի է ունենում ներկայիս իշխանությունների օրոք։

Կանխատեսվող 1-3 տոկոս տնտեսական աճը կասկածելի է, քանի որ իշխանությունները ձախողում են կապիտալ ծախսերի ծրագրերը (առաջին եռամսյակում ծախսերը չեն կատարվել 42 տոկոսով)։ Ընթացիկ ծախսերի չկատարումը կազմել է 12 տոկոս: Միաժամանակ հավաքագրված հարկերի ծավալն աճել է 21 տոկոսով։

Բյուջեից (4 մլրդ դոլար) 1 մլրդ դոլար ենք հատկացնում պետական պարտքի սպասարկմանը, որը միայն անցյալ տարի աճել է 1,3 մլրդ դոլարով։ Ստացվում է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի 3300 դոլար պարտք ունի»,- հավելեց Պարսյանը։

Նա վստահեցրել է, որ բյուջեում բավականաչափ գումար կա առանձին խնդիրներն արագ լուծելու համար։