Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը կիրակի Թվիթերում գրել է, որ գնաճն ամենից շատ վնասում է ԱՄՆ բնակչության անապահով շերտերին, եւ երկրորդ անգամ մեկ շաբաթվա ընթացքում քննադատել է նախագահ Ջո Բայդենին գնաճի վերաբերյալ նրա արտահայտած մտքերի պատճառով։

«Իրականում վարչակազմն ամբողջ ուժով փորձում էր էլ ավելի խթանել գնաճային տնտեսությունը, եւ միայն Մանչինը փրկեց նրանց հենց իրենցից,- գրել է Բեզոսը։- Գնաճը ռեգրեսիվ հարկ է, որից ամենից շատ տուժում են բնակչության պակաս ապահով շերտերը։ Մոլորությունը չի օգնի երկրին»։

Բեզոսն այս կերպ պատասխանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն հայտարարությանը, որում նա նշել էր, թե ԱՄՆ-ը պատմության մեջ ամենամեծ տարեկան դեֆիցիտի նվազման ճանապարհին է, եւ այդ դեֆիցիտը կազմելու է 1,5 տրիլիոն դոլար։ Բայդենը նաեւ քննադատել էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, որի օրոք, ըստ նրա, դեֆիցիտն «ավելանում էր ամեն տարի»։

Ուրբաթ օրը Բեզոսը քննադատել էր Բայդենին այն թվիթի հետ կապված, որում նշվել էր, որ հարուստ կորպորացիաների հարկումը կարող է օգնել նվազեցնել գնաճը։ Բեզոսը կոչ է արել ապատեղեկատվության Խորհրդին վերանայել թվիթը։

Թե՛ նախագահ Բադենի, թե՛ Բեզոսի մեկնաբանությունները հնչել են այն պահին, երբ գնաճն ԱՄՆ-ում հասել է 40-ամյա առավելագույնին, իսկ Դաշնային պահուստային համակարգի պաշտոնյաները դիտարկում են տոկոսադրույքների բարձրացման հնարավորությունը խնդրի դեմ պայքարելու համար, տեղեկացրել է CNBC-ին։