Երեւանում «Դիմադրության» շարժման ավտոենթերից մեկի ընթացքում միջադեպ գրանցվեց: Բագրատունյաց պողոտայում ոստիկանները կանգնեցրել են ավտոերթի մասնակիցներից մեկի  ավտոմեքենան, որից հետո ավտոերթի մյուս ավտոմեքենաների վարորդները եւս դուրս եկան մեքենաներից:

Ոստիկանները փորձում էին բերման ենթարկել այդ վարորդին, սակայն վերջինս չէր համաձայնում գնալ ոստիկանության բաժին: «Եթե տանեք, մենք այստեղից չենք շարժվի»,-ասաց ավտոերթի մասնակիցներից մեկը:

Մի պահ իրավիճակը լարվեց, սակայն որոշ ժամանակ անց հանդարտվեց, ոստիկանները բերման չենթարկեցին այդ քաղաքացուն:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, Երեւանում «Դիմադրության» շարժումը 5 ուղղություններով ավտոեթեր է անցկացնում:

Նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր. «Առավոտյան ժամը  8:00-ից սկսում ենք տարբեր տեսակի ակցիաներ, տեղի  են ունենալու ավտոերթեր, հաշվի առնելով եղանակային պայմանները հանրահավաք տեղի չի ունենալու: Իսկ երեքշաբթի օրը ես համարում եմ շատ կարեւոր օր, այդ օրը առավոտյան ժամը 8:00-ին ամբողջ մայրաքաղաքում պետք է տեղի ունենան անհնազանդության ակցիաներ, մենք պետք է ձեւավորենք 80-100 խմբեր, որոնք պետք է դուրս գան փողոց, որպեսզի ամբողջ քաղաքը կասեցնենք»:

Ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ  նա տեղեկացրել էր ժամը 8:00-ից մեկնարկող ավտոերթերի երթուղիները:

1. Աշտարակի խճուղի` Կարմիր խաչի գրասենյակի դիմաց

2. Արտաշատի խճուղի` «Կոնտինենտալ»-ի դիմաց

3. Երևան-Աբովյան մայրուղի` «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտ

4. Արգավանդի խճուղի` օդանավակայան տանող ճանապարհի գազալցակայանի մոտ

5. Արինբերդի խճուղի («Տեցի կռուգ»)

Հիշեցնենք, որ շաբաթ եւ կիրակի անհնազանդության ակցիաներ մայրաքաղաքում տեղի չեն ունեցել: