Հարավային Կորեան փորձել է աշխատանքային խողովակներով փոխգործակցություն առաջարկել Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարում, բայց Փհենյանի իշխանություններն առայժմ միանշանակ չեն արձագանքել նախաձեռնությանը, տեղեկացրել է Yonhap գործակալությունը։

«Այսօր, ժամը 11.00-ին Հյուսիսը միջկորեական կապի գրասենյակի միջոցով միավորման նախարար Քվոն Յոն Սեի անունից Միավորման ճակատի վարչության տնօրեն Կիմ Յոն Չխոլի հասցեին պաշտոնական ծանուցում է ուղարկվել կորոնավիրուսի դեմ պայքարի ոլորտում համագործակցության առիթով։ Փհենյանում առայժմ ուղերձն ընդունելու մտադրություն չեն հայտնել»,- ասել են Կորեայի Հանրապետության միավորման նախարարությունում։ Սեուլում մտադիր են աշխատանքային մակարդակով բանակցություններ նախաձեռնել՝ քննարկելու համար պատվաստանյութերի, բժշկական նյութերի, դիմակների, ինչպես նաեւ վարակի դեմ փորձի փոխանակման հնարավորության հարցերը։

Երկուշաբթի, ելույթ ունենալով խորհրդարանում, նախագահ Յուն Սոկ Յոլը նշել է, որ Հյուսիսային Կորեայի դրական որոշման դեպքում Հարավային Կորեան պատրաստ է՝ այնտեղ ուղարկել անհրաժեշտ օգնություն, ներառյալ դեղամիջոցներ, պատվաստանյութեր եւ բժշկական գործիքներ։ Խոսքը վերաբերել է նաեւ մասնագետներ ուղարկելուն։ Մինչ այդ Yonhap գործակալությունը, հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին, հավաստիացրել էր, որ Փհենյանը կորոնավիրուսի դեմ պայքարում օգնության համար դիմել էր Պեկինին։

Մայիսի 12-ին Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը տեղեկացրել էր, որ Հյուսիսային Կորեայի տարածքում առաջին անգամ կորոնավիրուսով վարակվածներ են գրանցվել։ Ներկա պահին մահացու ելքերի թիվը 50 է, համապատասխան ախտանշաններ ունեցող պացիենտների թիվը գերազանցել է 1,2 միլիոնը։