Ավստրալիայի իշխանությունները նախատեսում են ավելի քան 310 միլիոն դոլար ներդնել Boeing Loyal Wingman արհեստական բանականությամբ ռեակտիվ մարտական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ստեղծման մեջ։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Փիթեր Դաթոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այս ներդրումները թույլ կտան կառուցել յոթ անօդաչու թռչող սարքեր, որոնք վերջերս ստացել են MQ-28A Ghost Bat անվանումը, որոնք առաջիկա երկու տարվա ընթացքում ծառայության կանցնեն Ավստրալիայի ռազմաօդային ուժերում»,- ասել է նախարարը:

Դաթոնը նաեւ հիշեցրել է, որ նախկինում Ավստրալիան արդեն ավելի քան 100 միլիոն դոլար է ներդրել իր օդուժի համար անօդաչու թռչող սարքեր ստեղծելու մեջ, ինչի համար պայմանագիր է կնքվել Boeing-ի ավստրալական ստորաբաժանման հետ։

«Boeing-ի հետ մեր համագործակցության առաջին չորս տարիներին հաջողությամբ նախագծվել, կառուցվել եւ գործարկվել է 50 տարվա ընթացքում ավստրալական արտադրության առաջին ռազմական մարտական ինքնաթիռը: Սակայն այսօր հայտարարված ներդրումների շնորհիվ մենք ակնկալում ենք, որ MQ-28A համակարգերը ռազմաօդային ուժերում ծառայության կանցնեն արդեն 2024 թվականի վերջին կամ 2025 թվականի սկզբին»,- ընդգծել է նա։

Մարտական անօդաչու թռչող սարքի բաղադրիչները նախատեսվում է արտադրել երկրի մի քանի շրջաններում, իսկ վերջնական հավաքումը տեղի կունենա Թուվումբա քաղաքի նոր գործարանում։ Մոտ 80 ավստրալական ընկերություններ եւ ձեռնարկություններ պետք է մասնակցեն ԱԹՍ-ների արտադրությանը, ինչը թույլ կտա ապագայում այս տեսակի սպառազինություն արտահանել։