Հունգարիան Եվրահանձնաժողովից Եվրահանձնաժողովի նախագահի Բուդապեշտ կատարած այցից հետո որեւէ նոր լուրջ առաջարկ չի ստացել՝ կապված ռուսական նավթի ներմուծման էմբարգոյի հետ, ասել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

«Եվրահանձնաժողովը խնդիրներ է առաջացրել իր առաջարկով, ուստի Հունգարիան իրավունք ունի ակնկալել, որ ԵՄ-ն լուծում կառաջարկի՝ կֆինանսավորի ներդրումները եւ կփոխհատուցի գների բարձրացումը, ինչը կպահանջի Հունգարիայի էներգետիկ կառուցվածքի 15-18 միլիարդ եվրոյի ամբողջական արդիականացում»,- ասել է Պետեր Սիյարտոն։

Նրա խոսքով՝ մեկ այլ լուծում կարող է լինել նավթամուղով նավթի մատակարարումների ծրագրված էմբարգոյից ազատելը։

Սիյարտոն նշել է, որ խողովակաշարով նավթի մատակարարումների արգելքը կպահանջի 280 միլիարդ հունգարական ֆորինտի ներդրում Հունգարիայում եւ Խորվաթիայում, այնուհետեւ Հունգարիայում կհանգեցնի վառելիքի գների 55-60 տոկոս աճի, ինչը կհանգեցնի գների ընդհանուր աճի: «Ուստի մենք Եվրահանձնաժողովից ակնկալում ենք 15-18 միլիարդ եվրոյի ներդրումային ծրագիր»,- ասել է նա՝ հավելելով, որ հակառակ դեպքում Հունգարիային կտրվի անժամկետ ազատում գազամուղով ռուսական նավթի ներմուծման էմբարգոյից: «Միայն այդ դեպքում մենք կաջակցենք ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթին»։

Նա նշել է, որ չգիտի՝ առաջընթաց կլինի արդյոք առաջիկա երկու շաբաթվա ընթացքում այս հարցում, թե ոչ՝ նշելով, որ Հունգարիայի դիրքորոշումը կարող է փոխվել մայիսի 30-31-ը կայանալիք ԵՄ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթաժողովում։