Եվրամիությունը նվազեցրել է տնտեսական աճի իր կանխատեսումները՝ Ուկրաինայում ձգձգվող պատերազմի եւ էներգակիրների մատակարարումների խափանումների ֆոնին, հայտնում է AP-ն։

ԵՄ-ի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) այս տարի կաճի 2,7 տոկոսով, իսկ 2023 թվականին՝ 2,3 տոկոսով, հայտարարել է Եվրահանձնաժողովը։

Եվրահանձնաժողովի նախորդ կանխատեսումն այս տարի 4 տոկոսի ակնկալիք ուներ, իսկ 2023 թվականին՝ 2,8 տոկոսի։

ԵՄ-ի տնտեսությունն անցյալ տարի աճել է 5,4 տոկոսով՝ Covid-19 համավարակի հետեւանքով առաջացած խորը անկումից հետո։ 2020 թվականին ՀՆԱ-ն կրճատվել է 5,9 տոկոսով։

Այս տարվա սկզբին եվրոպական քաղաքականություն մշակողները հույսը դնում էին կայուն, թեեւ ավելի թույլ աճի վրա՝ պայքարելով համաշխարհային էներգետիկ ճգնաժամի հետեւանքով առաջացած ինֆլյացիայի աճի դեմ:

Էներգիան այժմ դարձել է ԵՄ-ի հիմնական մտահոգությունը, քանի որ նա ձգտում է պատժամիջոցներ կիրառել ռուսական էներգակիրների ներկրման դեմ, որոնք անդամ երկրներին ռեցեսիայի մեջ են գցելու:

Էներգակիրների գների աճը հանգեցնում է ռեկորդային ինֆլյացիայի՝ թանկացնելով ամեն ինչ՝ սննդից մինչեւ բնակարան:

Ռուսաստանը ԵՄ-ի նավթի, բնական գազի եւ ածխի ամենամեծ մատակարարն է, որը կազմում է միության ընդհանուր էներգիայի մոտ մեկ քառորդը:

Անցյալ տարի Ռուսաստանից էներգակիրների ներմուծումը ԵՄ կազմել է 99 միլիարդ եվրո (84 միլիարդ ֆունտ սթեռլինգ) կամ 62 տոկոս:

Օգոստոսին ուժի մեջ կմտնի Ռուսաստանից ածխի օգտագործման ԵՄ արգելքը, եւ ջանքեր են գործադրվում այս տարի ռուսական բնական գազի պահանջարկը երկու երրորդով կրճատելու համար:

Նավթի առաջարկվող էմբարգոն խոչընդոտների է բախվել ծով ելք չունեցող որոշ երկրների, օրինակ Հունգարիայի կողմից, որը մեծապես կախված է ռուսական նավթից: