Ռուս զինվորականները լռության ռեժիմ են սահմանել «Ազովստալ»-ի տարածքում եւ մարդասիրական միջանցք են բացել, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Մայիսի 16-ին Մարիուպոլի «Ազովստալ» մետալուրգիական կոմբինատի տարածքում արգելափակված ուկրաինացի զինվորականների ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վիրավորներին դուրս բերելու մասին»,- հայտնել են նախարարությունից։

Տուժածները տեղափոխվում են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում գտնվող Նովոազովսկի հիվանդանոց։

Ավելի վաղ ինքնահռչակ Դոնեցկի «Վոստոկ» գումարտակի հիմնադիր Ալեքսանդր Խոդակովսկին հայտնել էր, որ ուկրաինացի զինվորականները լքել են Մարիուպոլի արգելափակված «Ազովստալ» գործարանի տարածքը։

Նրա խոսքով՝ տասը ուկրաինացի զինվորներ, որոնք գտնվում էին «Ազովստալ»-ում, հանձնվել են՝ սպիտակ դրոշներով թունելից դուրս գալով։

Մայիսի 11-ին «Վոստոկ» գումարտակը հայտնաբերել եւ փակել է գործարանի մոտ գտնվող թունելը։ Ենթադրվում էր, որ դրա միջոցով Ուկրաինայի զինված ուժերի զինվորները դուրս են եկել ձեռնարկության տարածքից՝ գետից ջուր հանելու նպատակով։ Թունելը փակելիս ուկրաինացի մեկ զինծառայող է զոհվել, եւս մեկը վիրավորվել է։