Արցախյան երեք պատերազմների մասնակից, ՀՅԴ Աջափնյակի կոմիտեության անդամ Գեորգի Արիստակեսյանը, որին առավոտյան՝ «Դիմադրություն» շարժման ավտոերթի ժամանակ բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկեցին Ոստիկանություն, ձերբակալվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրուցում ասաց պաշտպան Միքայել Շխիմյանը։

Նրան ձերբակալել են ՀՀ ՔՕ 316-րդ 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) եւ 137․1 հոդվածով (ծանր վիրավորանք)։

«Այս պահին մեր տիրապետության տակ է միայն ձերբակալման արձանագրությունը, ինչի նշված չէ, թե կոնկրետ ինչ վիրավորական արտահայտություն է արել Արիստակեսյանը, բայց տարածված տեսանյութում երեւում է, որ ինքը հայհոյանք չի հնչեցնում ոստիկանների հասցեին։ Օրինակ՝ ասում է հարվածելու համար պատասխան եք տալու, բայց տեսանյութի ընթացքում չկա գեթ մեկ վայրկյան, նա հայհոյի»,- նշեց նա։

Գեորգի Արիստակեսյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանների կողմից իր նկատմամբ կիրառված բռնության կապակցությամբ։

«Իրեն հեծանիվից իջեցրել են, բիրտ ուժ կիրառելով նստեցրել են մի ավտոմեքենայի մեջ, որի մեջ եղել է եւս մեկ ցուցարար։ Դրանից հետո, անակնկալ կերպով, մեքենայի դուռը բացում են, իջեցնում են իրեն՝ գլխով դեպի ներքեւ, ոտքերը դեպի վերեւ եւ իր խոսքերով՝ սկսում են իրեն հարվածել։ Իրեն երբ որ թեւանցուկ տեղափոխում են պարեկային ոստիկանների ավտոմեքենան, ինքը հարված է ստանում ոտքին, եւ հիմա ոտքն այտուցված է, չի կարողանում քայլել։ Դեմքի շրջանում եւս կան վնասվածքներ»,- ասաց պաշտպան Շխիմյանը։

Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր քաղաքի հինգ կետերից ավտոերթեր է իրականացրել։ Անհնազանդության ակցիաներից մեկի ժամանակ, բիրտ ուժ կիրառելով, ոստիկանները բերման են ենթարկել Արցախյան երեք պատերազմների մասնակից, 75-ամյա Գեորգի Արիստակեսյանի նկատմամբ։

Կարմիրբերետավորները ուժով բերման են ենթարկում երեք պատերազմների մասնակից Ժորա պապիկին