Շրի Լանկայի նոր վարչապետն առաջարկել է սեփականաշնորհել երկրի ազգային ավիաընկերությունը՝ որպես երկրի վերջին տասնամյակների վատթարագույն տնտեսական ճգնաժամը հաղթահարելուն ուղղված բարեփոխումների մաս, հայտնում է AP-ն։

Վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգեն ասել է, որ ծրագրում է հատուկ օգնության բյուջե առաջարկել, որը կփոխարինի զարգացման վրա հիմնված բյուջեին:

Նրա խոսքով, երկրի ֆինանսական վիճակն այնքան վատ է, որ կառավարությունը ստիպված է եղել փող տպել պետական ծառայողների աշխատավարձերը վճարելու եւ այլ ապրանքներ ու ծառայություններ գնելու համար։

Վիկրեմեսինգեն հայտնել է, որ Sri Lankan Airlines մոտ 123 միլիոն դոլար է կորցրել 2020-2021 ֆինանսական տարում, որն ավարտվել է մարտին, իսկ 2021 թվականի մարտի դրությամբ նրա կուտակային կորուստները գերազանցել են 1 միլիարդ դոլարը:

«Նույնիսկ եթե մենք սեփականաշնորհենք Շրի Լանկայի ավիաուղիները, սա կորուստ է, որը մենք պետք է կրենք: Դուք պետք է հասկանաք, որ սա կորուստ է, որը պետք է կրեն նույնիսկ այս երկրի աղքատ մարդիկ, որոնք երբեք ինքնաթիռ չեն նստել»,- ասել է Վիկրեմեսինգեն։

Sri Lanka Airlines-ը շահագործվել է Emirates Airlines-ի կողմից 1998-2008 թվականներին:

Շրի Լանկան գտնվում է սնանկացման եզրին եւ դադարեցրել է այս տարի մոտ 7 միլիարդ դոլարի փոխառության մարումը այն 25 միլիարդ դոլարից, որ պետք է վճարվեր մինչեւ 2026 թվականը: Երկրի ընդհանուր արտաքին պարտքը կազմում է 51 մլրդ դոլար։ Ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ երկիրը ներկայումս ունի ընդամենը 25 միլիոն դոլարի օգտագործման ենթակա արժութային պահուստներ։

Վիկրեմեսինգեն ասել է, որ մոտ 75 միլիարդ դոլար է շտապ անհրաժեշտ՝ մարդկանց առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու համար, սակայն երկրի գանձարանը ամեն միջոցի դիմում է նույնիսկ 1 միլիարդ դոլար գտնելու համար: