Եվրամիությունը դեռ համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ՝ կապված ռուսական նավթի ներկրման վրա էմբարգո սահմանելու առաջարկի հետ: Այս մասին Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, հայտնում է AFP-ն։

«Ցավոք, այսօր չհաջողվեց որեւէ համաձայնության հասնել»,- ասել է Բորելը լրագրողներին:

«Մենք կքննարկենք դա եւ կանենք հնարավորը՝ իրավիճակը ապաարգելափակելու համար»,- ասել է Բորելը:

«Ես չեմ կարող երաշխավորել, որ դա տեղի կունենա, քանի որ դիրքերը բավականին ամուր են»։

Բուդապեշտը զսպում է պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակներում ռուսական նավթի արտահանումը արգելելու Բրյուսելի ձգտումը՝ պատճառաբանելով, որ դա կվնասի Հունգարիայի տնտեսությանը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը նշել է, որ «դեռեւս կան մի քանի բաներ, որոնք պետք է հստակեցվեն վերջնական փուլերում։ Այսօր վերջնական պարզաբանում չի լինի»։ Բայց նա հավելել է, թե վստահ է, որ «մոտ օրերս մենք կհասնենք միասնական արդյունքի»։

Բրյուսելը Հունգարիային, Չեխիային եւ Սլովակիային երկար արտոնյալ ժամկետ է առաջարկել ռուսական նավթի ներկրումը աստիճանաբար դադարեցնելու համար, սակայն դա դեռ չի համոզել Բուդապեշտին համաձայնել պատժամիջոցներին:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պահանջել է երկրին ազատել էմբարգոյից առնվազն չորս տարով եւ ԵՄ-ի միջոցներից 800 միլիոն եվրո է ուզում՝ նավթավերամշակման գործարանը վերանորոգելու եւ Խորվաթիայից խողովակաշարի թողունակությունը մեծացնելու համար։

«Ամբողջ միությունը պատանդ է պահվում մեկ անդամ պետության կողմից, ինչը չի կարող մեզ օգնել կոնսենսուս գտնել»,- ասել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը:

Լանդսբերգիսը նշել է, որ Եվրահանձնաժողովը դեպի ծով ելք չունեցող Հունգարիային առաջարկում է մինչեւ 2024 թվականի վերջը աստիճանաբար հրաժարվել ռուսական նավթից:

Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Սայմոն Քովնին խոստովանել է, որ արգելքը բարդ խնդիր է ռուսական նավթից կախված երկրների համար, սակայն պնդել է, որ «մենք պետք է գործի անցնենք եւ անենք դա»:

ԵՄ-ն նաեւ նախատեսում է այս տարի երկու երրորդով կրճատել իր կախվածությունը ռուսական գազից, սակայն չի ցանկանում արգելել ներմուծումը, քանի որ Գերմանիան դեմ է նման քայլին: