Ոստիկանները անօրինական հրահանգ են կատարում.  ըստ տեղեկությունների երեկ նրանք պարգեւավճար են ստացել իրենց այսօրվա գործողությունների համար, դրա համար իրենց մոտ ողջախոհությունը, բարոյականությունը հիմա նահանջել են հօգուտ երեկվա ստացած պարգեւավճարի: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, Երեւանի փողոցներից մեկում անհնազանդության ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Ոչ մեկի անօրինական վարքագիծը, առավել եւս նիկոլահպատակ ոստիկանության, մեզ խանգարել չի կարող: Ոստիկանները չեն հասկանում, որ «Հավաքների ազատության մասին» օրենքով ես եմ ընտրում բողոքի ակցիա իրականացնելու վայրը, քաղաքացիներն են ընտրում»,-ասաց նա:

Դրանից հետո ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին, հրմշտոց սկսվեց:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել,  փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։