«Ոստիկանական բաժանմունքները կոլապսի են ենթարկվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս պահին բերման ենթարկված ցուցարարների թիվն այնքան մեծ է, որ բաժանմունքներում այլևս տեղ չկա։ Մեր քաղաքացիներին ավտոբուսներով տեղից տեղ են տանում՝ այդպես էլ չիմանալով, թե վերջիվերջո որ բաժանմունքում նրանց կարող են ընդունել։ Ավելին, տեղեկություններ կան արդեն այն մասին, որ քաղաքի ոչ բանուկ փողոցներում ոստիկանական ավտոբուսները պարզապես կանգնում և ազատ են թողնում բերման ենթարկված ցուցարարներին։ Սա աննախադեպ երևույթ է։

Մինչդեռ նրանք, ում համար տեղ է գտնվել ոստիկանական բաժանմունքներում, հենց տեղում մեծ ցույցեր են կազմակերպել։ Երևանի բոլոր բաժանմունքների պատուհաններից, ինչպես նաև ոստիկանական ավտոբուսներից լսվում են «Առանց Նիկոլ Հայաստան» և «Առանց թուրքի Հայաստան» վանկարկումներ։ Ասել է թե՝ ցույցերի մի մասը տեղափոխվել են ոստիկանության բաժանմունքներ։

Կեցցե՛ք,արժանապատի՛վ հայրեր, այս շարժումը անկասելի է, Ձեր հաղթանակը՝ անխուսափելի»։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել,  փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։