Ճապոնիայի կառավարությունը հարգանքով է վերաբերվում ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի որոշմանը։ Այս մասին երեքշաբթի ավանդական մամուլի ասուլիսում հայտարարել է կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։

«Ճապոնիայի կառավարությունը հասկանում եւ հարգում է Շվեդիայի դիրքորոշումը, որն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով վատթարացող անվտանգային իրավիճակի համատեքստում որոշում է կայացրել վերանայել չեզոքության իր քաղաքականությունն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել»,- նշել է նա։ Միեւնույն ժամանակ, Մացունոն կանխատեսումներ չի արել, թե ինչպես ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը կանդրադառնա տարածաշրջանում իրադարձությունների հետագա զարգացման վրա, բայց հերթական անգամ ընդգծել է, որ իրավիճակն Ուկրաինայի շուրջ ազդում է ոչ միայն Եվրոպայի, այլեւ Ասիայի վրա։ «Մենք անընդունելի ենք համարում ստատուս-քվոյի միակողմանի ուժային փոփոխության ցանկացած փորձ աշխարհի ցանկացած կետում»,- ավելացրել է նա։

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Ճապոնիան կշարունակի «վճռականորեն դատապարտել» Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները եւ սերտորեն կհամագործակցի այն պետությունների հետ, որոնց հետ Տոկիոն կիսում է բազային արժեքները։ Երկուշաբթի Մացունոն, պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին, ընդգծել է, որ Ճապոնիայի կառավարությունը գիտակցում է, թե ինչն է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցելու ցանկության պատճառ դարձել։

Պաշտոնական որոշումն այն մասին, որ Շվեդիան Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հայտ կներկայացնի, ընդունվել է երկուշաբթի թագավորության կառավարության կողմից։ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի խոսքով՝ հայտը առաջիկայում կներկայացվի Ֆինլանդիայի հետ միասին։