Այս ամսվա ընթացքում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերի գլխավորած՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով աշխատանքային խմբի հանդիպում անցկացնելու վերաբերյալ  նախնական պայմանավորվածություն կա։  Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնել  են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

«Նախնական պայմանավորվածությունների համաձայն այս ամսվա ընթացքում պետք է հանդիպում տեղի ունենա։ Կոնկրետ ամսաթիվը համաձայնեցման փուլում է»,– հայտնեցին գրասենյակից։

Հիշեցնենք, որ աշխատանքային խմբի վերջին հանդիպումը կայացել է նախորդ տարվա դեկտեմբերին Մոսկվայում։

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս։

Մայիսի 12-ին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Ռուսաստանի փոխվարչապետի հետ պայմանավորվածություն կա՝ մայիսի 16-17-ը եռակողմ հանդիպում անցկացնել կոմունիկացիաների հարցով։ Դրանից մեկ օր անց ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցներից մեկը գրեց, որ հանդիպման պայմանավորվածություն չկա։