ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգվել է։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Գլխավոր դատախազությունից ձերբակալման միջնորդությունն ուղարկվել է Զինվորական դատախազությունից, այնտեղ ստացել են, եւ, ըստ Զինվորական դատախազության, երեկ առձեռն ուղարկվել է եւ փաստաբաններին, եւ Քննչական վարչություն։ Մենք քննիչից պարզեցինք, որ ինքը ձերբակալման միջնորդությունը դատախազությունից չի ստացել այն դեպքում, երբ առձեռն են ստացել»,- ասաց նա։

Ըստ Հովհաննիսյանի՝ եթե Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին մյուս դիմումներում բազմաթիվ հանգամանքներ էին նշված, եւ դրանցով կարելի էր քննություն անցկացնել, ապա իրենց դեպքում իրենց դիմումը վերաբերում է միայն Փաշինյանի կողմից ապրիլի 13-ին արված հայտարարությանը. «Ըստ ծնողների՝ Նիկոլ Փաշինյանը տվել է խոստովանական ցուցմունք, դրա համար լրացուցիչ պարզաբանման որեւէ հանգամանք չկա»։

Հովհաննիսյանը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը դեռեւս չի հարցաքննվել, որը ծնողների մոտ նույնպես դժգոհության առիթ է տվել։