Իշխանությունները տարածում են հերթական սուտը՝ իբր օրվա ընթացքում մեկից ավել անգամ վարչական իրավախախտման համար բերման ենթարկվելու դեպքում քաղաքացուն իրավունք ունեն պահել 72 ժամ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական գործիչ Հայկ Մամիջանյանը:

Նա նաեւ նշել է. «Սա կատարյալ հիմարություն է: Խաղաղ անհնազանդության ժամանակ ոստիկանի իբր օրինական պահանջը չկատարելու համար քաղաքացուն կարող են պահել առավելագույնը 3 ժամ:

Որպես կանոն ոստիկանական բաժանմունքում արժանապատիվ քաղաքացիներին դիմավորում են փաստաբանները և այցելում ՀՀ ԱԺ պատգամավորները:

Նշեմ, որ այսօր բերման ենթարկվածների թիվը այնքան մեծ էր՝ 400-ից ավել քաղաքացի, որ մեր ընկերներին նաև Աշտարակի բաժանմունք են տարել»։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել,  փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

Արդեն ժամը 11.30-ին ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն առաջարկել է դադարեցնել անհնազանդության ակցիաները: