Մենք միջնորդություն ենք ներկայացրել քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով՝ պետական դավաճանության հոդվածով գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը:

Նա տեղեկացրեց, որ այդ պահանջը մերժվել է քրգործը հարուցվել է 308-րդ հոդվածի հատկանիշներով. «Մենք հիմա վերաքննիչ ենք դիմել, այսօր հերթական նիստը պետք է լիներ, բայց դատախազը չէր ներկայացել, ձգձգում են: Մենք պահանջեցինք դատարանից միջնորդություն ներկայացնեն, որ դատախազն անմիջապես ներկայանա, բայց իրենք ասացին, որ քանի որ էլի նիստ կա, այս նիստը հետաձգում են: Ստացվում է, որ մեզ ուղղակի ծաղրում են: Ակնհայտ է, որ ձգձգում են եւ փորձում են այս գործը որքան հնարավոր է ձգձգել, չգիտեմ՝ մինչեւ երբ, եւ Նիկոլ փաշինյանի դեմ այդպիսի գործ չհարուցել»,-ասաց Տոնոյանը:

Բացի այդ, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, որոնք քրեական գործով ճանաչվել են տուժողի իրավահաջորդներ, հայտարարեցին՝ պահանջում են, որ իրենց գործը քննի ԱԱԾ-ն։

Ավելի վաղ  զինդատախազը հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ 2022 թվականի մայիսի 4-ին վարույթ է ընդունվել Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում` քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով։

Արշակ Մարտիրոսյանը նշեց, որ հենց այդ ժամանակվանից հսկողությունն իրականացնում է զինվորական դատախազությունը։

ՀՀ զինվորական դատախազի հանձնարարությամբ տվյալ քրգործով ձևավորված է դատախազական խումբ, որում ներառված են մի շարք դատախազներ, իսկ խումբը գլխավորում է զինդատախազի տեղակալը։