Շվեդիան եւ Ֆինլանդիան բախվել են ընդհանուր մարտահրավերի՝ ՆԱՏՕ-ին այդ հյուսիսային երկրների անդամակցությանը Թուրքիայի դիմակայելու պատճառով։  Բայց այս իրավիճակը հնարավոր է լուծել, ասել է Ֆինլանդիայի նախագահ, Ստոկհոլմում պետական այցով գտնվող Սաուլի Նիինիստյոն, որը Շվեդիայի խորհրդարանում հանդես է եկել «Պատասխանատու, ուժեղ եւ կայուն հյուսիսային տարածաշրջան» զեկույցով։

«Թուրքիայի հայտարարությունները շատ արագ փոխվում էին եւ խստացել են վերջին օրերին, բայց ես վստահ եմ, որ մենք կլուծենք իրավիճակը կառուցողական բանակցությունների օգնությամբ»,- ընդգծել է նա։

Քաղաքական գործիչը պատմական է անվանել հարեւան երկրների անդամակցությունը դաշինքին։ «Շվեդիան եւ Ֆինլանդիան միասին պատմական քայլեր են անում։ ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունը կամրապնդի անվտանգությունը եւ պատասխանատու, ուժեղ ու կայուն սկանդինավյան տարածաշրջանը։ Մենք այս պատմական քայլերը նախաձեռնում ենք դաժան պատերազմի պատճառով»,- հավաստիացրել է նա։

Նիինիստյոյի խոսքով՝ անվտանգային իրավիճակը երկու երկրների համար իբր փոխվել է Ուկրաինայում ՌԴ-ի գործողության պատճառով։ «Մենք հավուր պատշաճի միջոցներ ենք ձեռնարկել։ Փետրվարի 24-ին խաղաղությունը խախտվեց։ Գործողության մեր հին միջոցները այլեւս չեն համապատասխանում նոր իրավիճակին»,- ասել է նա։