Մենք համամիտ չենք Նիկոլ Փաշինյանի ձերբակալության միջնորդությունը մերժելու զինվորական դատախազության որոշմանը, դրա համար եկել ենք մեր բողոքի ձայնը բարձրացնենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց 44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկ Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը:

«Դե քանի որ վարչապետը դեռ իր պաշտոնին է, բնականաբար, այլ բան սպասել չէինք էլ կարող,  բայց ինչ-որ տեղ հույս ունեինք, որ մարդ կգտնվեն, այդ ցավը իրենցը կհամարեն ու ճիշտ որոշում կկայացնեն: Բայց փաստը մնում է փաստ, որ մարդկությունը վերացել է: Էս ցավը երեւի մենակ մեզ է տրված եւ ամբողջ կյանքում մենք այս ցավը պետք է տանենք: Բայց մենք չենք հանձնվելու, մինչեւ վերջ գնալու ենք: Անգամ երեխա ունենալուց հետո ես երեխայիս հետ եմ պայքարելու: Հույսս երբեք չեմ կտրելու»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողները, որ այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության դիմաց, փակել են Բաբայան փողոցը: Դրանից հետո բողոքի ակցիան տեղափոխվել է գլխավոր դատախազության մոտ:

Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգվել է, իսկ նրան ձերբակալելու միջնորդությունը մերժվել է:

Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է առանձին պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում միացված վարույթով քննվող քրեական գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:

Հակակոռուպցիոն կոմիտեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգել էր:

Ավելի ուշ գործի վարույթը փոխանցվել էր ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն: Զոհված զինծառայողների ծնողները Զինվորական քննչական վարչությունում քննվող քրեական գործով ճանաչվել են տուժողի իրավահաջորդներ։

Միջնորդություն էին ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ, ինչը բավարարվել է, Փաշինյանը, սակայն, մինչ օրս չի հարցաքննվել։