Հունգարիան Եվրամիության իր գործընկերներին հայտնել է, որ իր նավթարդյունաբերության արդիականացումը առնվազն 770 միլիոն եվրո կարժենա, գրում է Bloomberg-ը։

Վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունը հայտարարել է, որ նավթավերամշակման գործարանների հիմնանորոգման համար 550 միլիոն եվրո է անհրաժեշտ, եւս 220 միլիոն եվրո՝ Խորվաթիայից խողովակաշար կառուցելու համար: Լրացուցիչ միջոցներ կարող են անհրաժեշտ լինել ռուսական ներմուծման արգելքի հետեւանքով գների հնարավոր բարձրացմանը հարմարվելու համար:

Ծով ելք չունեցող Հունգարիան նաեւ պահանջում է, որ ցանկացած սահմանափակումներ կենտրոնանան ծովով տեղափոխվող նավթի վրա, իսկ խողովակաշարերի համար բացառություններ լինեն, որպեսզի Բուդապեշտը կարողանա աջակցել արգելքին:

Առաջիկա վեց ամիսների ընթացքում Եվրոպայի կողմից ռուսական նավթի եւ վերամշակված վառելիքի մերժման ավելի լայն ռազմավարության շրջանակներում ակնկալվում է, որ ԵՄ-ն այս շաբաթ որոշակի ներդրումներ կառաջարկի՝ օգնելու այն երկրներին, որոնք առավել կախված են ռուսական մատակարարումներից: Նա նաեւ Հունգարիային եւ Սլովակիային առաջարկել է պահանջները մինչեւ 2024 թվականի վերջը բավարարել, իսկ Չեխիային՝ մինչեւ նույն տարվա հունիսը։

Աղբյուրներից մեկն ասել է, թե իրենք հույս ունեն, որ փաթեթը կհամոզի Հունգարիային հրաժարվել վետոյի սպառնալիքից եւ վերջ դնել առաջարկի շուրջ մեկշաբաթյա փակուղուն: Օրբանը հրավիրել է ԵՄ առաջնորդներին՝ քննարկելու այս հարցը, մայիսի վերջին նախատեսված է Եվրոպական խորհրդի հաջորդ գագաթաժողովը։

Հունգարիան տեխնիկական եւ ներդրումային երաշխիքներ է փնտրում՝ ռուսական նավթից հրաժարվելու համար, այդ թվում՝ Խորվաթիայի ենթակառուցվածքների հետ կապված:

Առաջարկվող գումարը կազմում է 15-18 միլիարդ եվրոյի միայն մի մասը, որը, ինչպես ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, անհրաժեշտ կլինի Հունգարիայի էներգետիկ ենթակառուցվածքը վերանորոգելու համար:

Մեկ այլ եվրոպացի դիվանագետի խոսքով՝ Հունգարիայի դիրքորոշումն արժանացել է ԵՄ մյուս անդամների սուր քննադատությանը: Նույնիսկ այն երկրները, որոնք ժամանակին սերտորեն կապված էին Հունգարիայի հետ, սկսել են հիասթափություն արտահայտել, իսկ Չեխիայի արտգործնախարարը երեքշաբթի օրը Օրբանի դիրքորոշումն «անընդունելի» է անվանել: