Համաշխարհային տերությունները նորից մրցակցում են տիեզերական տարածքում գերիշխանություն ունենալու համար։ Բայց մի մեծ տարբերություն կա. այն դեպքում, երբ ԱՄՆ-ը եւ Խորհրդային Միությունը համաձայնեցնում էին ընդհանուր կանոնները Միավորված Ազգերի Կազմակերպության հետ, այս անգամ համաշխարհային գերտերությունները չեն կարող անգամ պայմանավորվել հաջորդ սերնդի տիեզերական գործունեության կառավարման հիմնական սկզբունքների շուրջ, գրել է Bloomberg-ը։

ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ համագործակցության բացակայությունը տիեզերքի յուրացման ոլորտում հատկապես վտանգավոր է այժմ։ Այնպիսի միլիարդատերեր, ինչպիսին են Իլոն Մասկն ու Ջեֆ Բեզոսը, զարգացող շուկաների հետ միասին, ինչպիսին են Ռուանդան եւ Ֆիլիպինները, ավելի շատ արբանյակներ են արձակում՝ թվային տարբերությունը հաղթահարելու եւ տիեզերական հնարավորություններն ուսումնասիրելու համար։

ԱՄՆ-ը եւ Չինաստանը տնտեսական պատնեշներ են ստեղծում հանուն ազգային անվտանգության, քանի որ գաղափարախոսական տարաձայնությունները ընդլայնվում են համավարակի, քաղաքական բռնաճնշումների եւ հիմա էլ՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով։ Տիեզերքում համագործակցել չկարողանալը սպառնում է ոչ միայն սպառազինությունների մրցավազքով, այլեւ Լուսնի վրա ռեսուրսների պոտենցիալ արդյունահանման համար բախումներով։

«Արեւմուտքում մեզ ամենից շատ անհանգստացնում է այն, թե ով է սահմանում վարքի կանոնները, հատկապես ռեսուրսների հասանելիության հարցում»,- ասել է Ավստրալիայի պաշտպանության նախարարության նախկին պաշտոնյա Մալքոլմ Դեւիսը, որն այժմ ուսումնասիրում է տիեզերական քաղաքականությունը Ավստրալիայի ռազմավարական քաղաքականության ինստիտուտում (Կանբերա)։

«Ամենամեծ վտանգն այն է, որ դուք կանոնների երկու հակադիր հավաքածու ունեք»,- ասել է նա։ «Դուք կարող եք Լուսնի վրա 2030-ականներին ունենալ չինական ընկերություն, այնպես, ինչպես չինացիները հայտարարեցին իրենց իրավունքների մասին Հարավչինական ծովում»։

Տիեզերքի աշխարհաքաղաքականությունը, որը մի ժամանակ սահման էր, որը միավորում էր մրցակիցներին հանուն մարդկության բարօրության, հիմա մրցակցություն է նշանակում Երկրի վրա, որտեղ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները դիմակայում են Չինաստանին ու Ռուսաստանին։ Ինչպես Պեկինն ու Մոսկվան մեղադրում են Եվրոպայում եւ Ասիայում ամերիկյան ռազմական դաշինքներին Ուկրաինայի եւ Թայվանի շուրջ լարվածություն հրահրելու մեջ, այնպես էլ չինական պետական ԶԼՄ-ները նախազգուշացնում են, որ հիմա ԱՄՆ-ը ցանկանում է «տիեզերական ՆԱՏՕ» ստեղծել։

Վեճի կենտրոնում ԱՄՆ-ի պատրաստած Artemis Accords-ն է, որը պարտադիր իրավաբանական ուժ չունի, այն կանոնակարգելու է գործունեությունը Լուսնի, Մարսի վրա։ Նախաձեռնությունը, որը, ըստ ՆԱՍԱ-ի, հիմնված է 1967թ. Տիեզերքի մասին պայմանագրի վրա, տիեզերական գործակալության հիմքն է այս տասնամյակում Լուսին աստղագնացներ ուղարկելու եւ օգտակար տարրեր արդյունահանելու մասին։

Ներկա պահին 19 երկիր համաձայնել է սատարել համաձայնագրին, այդ թվում՝ Ռումինիան, Կոլումբիան, Բահրեյնը եւ Սինգապուրը։

Չինաստանը եւ Ռուսաստանը գլխավորում են ընդդիմությունն այդ համաձայնագրին՝ խոստանալով ընդլայնել տիեզերական համագործակցությունը փետրվարի սկզբին, «առանց սահմանների» գործընկերության շրջանակում, երբ Պուտինն այցելեց Պեկին պատերազմից առաջ եւ հանդիպեց Սի Ծինփինին։

Չինաստանի խնդիրներից մեկը Արտեմիսի համաձայնության հետ կապված՝ այն դրույթն է, որը երկրներին թույլ է տալիս Լուսնի որոշ գոտիներ նշել որպես «անվտանգության գոտի», որոնցից մյուսները պետք է խուսափեն։ Ամերիկացիների ու Artemis-ի նրանց գործընկերների համար դա Տիեզերքի մասին պայմանագրի կատարման միջոց է, որը պահանջում է երկրներից խուսափել «տիեզերքին վնասակար միջամտությունից»։

Սակայն Չինաստանի համար անվտանգության գոտիները նշանակում են քողարկված հողազավթում։ Պեկինը ցանկանում է, որպեսզի ցանկացած հարց, որով նորմ է ստեղծվում, լուծվի ՄԱԿ-ում։

Չինաստանը հիմքեր ունի կասկածանքով վերաբերվելու տիեզերքում ԱՄՆ-ի ջանքերին։ 2011թ. ստեղծված ամերիկյան օրենքն արգելում է ՆԱՍԱ-ին փոխգործակցել չինացի գործընկերների հետ, իսկ ԱՄՆ-ը արգելակել է Չինաստանի մասնակցությունը Միջազգային տիեզերակայանին, քայլ, որը պարզապես Պեկինին դրդել է իր սեփական կայանը կառուցել։

«Չինաստանը հանվել է այդ կարգից, եւ հիմա նա գնում է իր ճանապարհով»,- ասել է ԱՄՆ Ռազմաօդային քոլեջի դոցենտ Լինքոլն Հայնսը, որն ուսումնասիրել է չինական տիեզերական ծրագիրը։ «Սա բարձրացնում է այն հարցը, թե կարող եք արդյոք ունենալ հետեւողական կանոնների համակարգ, երբ մոտեցումների երկու տարբեր տեսլական ունեք, եւ որեւէ համագործակցություն չկա»։

Չինաստանը սրընթաց շարժվում է դեպի Սիի նպատակի իրականացում՝ տիեզերքում հավասարվել ԱՄՆ-ի հնարավորություններին։ Չինաստանն առաջին երկիրն է, որը սարք է ուղարկել Լուսնի հակառակ կողմ 2019թ.։ Իսկ անցած տարի Չինաստանը երկրորդն էր ԱՄՆ-ից հետո, որը տիեզերասարք ուղարկեց Մարս։

Մարտի 10-ին Չինաստանն արձակեց «Մեծ արշավ» հրթիռը Հայնան նահանգից, որպեսզի բեռներ հասցնի «Թյանգուն» տիեզերակայանին, որի կառուցումը Պեկինը նախատեսում է ավարտել այս տարի, եւ Չինաստանը կդառնա միակ երկիրը, որը սեփական տիեզերակայան կունենա։

«Հսկայական տիեզերքի ուսումնասիրությունը, տիեզերական արդյունաբերության զարգացումը եւ Չինաստանը տիեզերական տերության վերածելը մեր հավերժական երազանքն է»,- ասել է Սին Չինաստանի տիեզերական ծրագրի վերաբերյալ իր ելույթում, որը հրապարավել է հունվարին։ Այնտեղ նշված է, որ Չինաստանը նախատեսում է ռոբոտացված լուսնակայան ունենալ։ 2030թ. Չինաստանն առաջին անգամ կկարողանա աստղագնացներ ուղարկել Լուսին, այն ժամանակ պետական լրատվամիջոցներին ասել էր չինական առաջին լուսնասարքի գլխավոր կոնստրուկտոր Ե Պեյցզյանը։

«Չինաստանը ցանկանում է, որպեսզի իրեն համարեն ապագայի ՆԱՍԱ»,- ասել է Միսիսիպիի համալսարանի օդային եւ տիեզերական իրավունքի կենտրոնի համատնօրեն Միշել Հենլոնը։ «Չինաստանը ցանկանում է լինել այդ առաջատարը։ Չինաստանը զգում է, որ իր ժամանակը եկել է»։

«Լուսինը խաղի մեջ է»,- ասել է ՄԱԿ-ի տիեզերական պաշարների օգտագործման իրավական ասպեկտների խմբի փոխնախագահ Սթիվեն Ֆրիլանդը։ Տասնամյակի վերջին, ըստ Ֆրիլանդի, կսկսվի Լուսնի մակերեսի պաշարների արդյունահանումը։

Ի տարբերություն Երկրի՝ Լուսնի վրա կարող է ավելի մեծ քանակությամբ հելիում-3 լինել, իզոտոպ, որն օգտակար է որպես այլընտրանքային ուրան ատոմային էլեկտրակայանների համար։ Չինական պետական ԶԼՄ-ները 2019թ. տեղեկացրել էին, որ Լուսինը «երբեմն անվանում են Արեգակնային համակարգի Պարսից ծոց», իսկ փորձագետների կարծիքով՝ 5 000 տոննա ածուխը կարելի է փոխարինել հելիում-3-ի մոտ երեք գդալով։

Չնայած ասվածի ապացույցները դեռ չկան, բայց չինացի հետազոտողներն արդեն որոնում են այդ տարրը լուսնային հանքաքարերում, որոնք Երկիր են հասցվել 2020թ. վերջին Չինաստանի լուսնային առաքելություններից մեկի ժամանակ։ Լուսինը նաեւ կարող է ջրի արժեքավոր աղբյուր լինել լուսնային սառույցից՝ հրթիռային վառելիքի արտադրության համար, որը կարող էր ապահովել Մարս եւ Արեգակնային համակարգի այլ տեղեր թռչելը։

Ներկա պահին ԱՄՆ-ը, ըստ երեւույթին, առաջատարն է տիեզերքի շուրջ կատարվող աշխատանքներում։ Ելնելով այն բանից, թե «Արտեմիսի համաձայնագրին» որքան նոր կողմեր կմիանան, Չինաստանը դեռեւս սպասում է, որ Պուտինից բացի էլի մի առաջնորդ կմիանա Միջազգային լուսնային հետազոտական կայանին։

Չինական պետական ԶԼՄ-ները մարտին տեղեկացրել էին, որ բանակցություններ են վարվում Եվրոպական տիեզերական գործակալության, Թաիլանդի, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ՝ մրցակցային լուսնակայանին մասնակցելու մասին։

Չնայած Չինաստանին ռուսական փորձն անհրաժեշտ չէ, Սիի երկարաժամկետ ռազմավարական հաշվարկները նշանակում են, որ Պեկինը հազիվ թե հրաժարվի Մոսկվայից՝ էլ ավելի շատ գործընկերներ ներգրավելու հարցում։