Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանի կարծիքով՝  ազգային համաձայնության կառավարության խնդիրը թալանածը հետ բերելը չի լինելու, այլ աշխատելն է լինելու։

«Մեզ ամբոխ պետք չի, մեզ հասկացող ժողովուրդ է պետք, մենք նրանց հետ պետք է աշխատենք։ Ես չեմ ասում, որ թալանածը գալու եմ հետ բերեմ, ինչ թալան արա, չորս տարում մի դոլար չի մտել բյուջե, մի քանի հոգու բռնել է, ձեռքներից փողը վերցրել ու բաց թողել։ Ես չեմ ասում, որ կգան թալանածը հետ կբերեն, բոլորը պետք է դատական կարգով պատժվեն, բայց մեր խնդիրը թալանածը հետ բերելը չէ, մեր խնդիրը աշխատելն է, մեր երկիրը հիվանդ է, ժողովուրդ ջան»,– այսօր Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հրավիրված հանրահավաքին ասաց Բագրատյանը։

Նախկին վարչապետը քննադատեց գործող իշխանության տնտեսական քաղաքականությունը։ Նա բազմաթիվ փաստեր ներկայացրեց, որոնք ըստ նրա՝ վկայում են տնտեսական վիճակի վատթարացման մասին։ Ի թիվս տնտեսական ձախողումների, Հրանտ Բագրատյանը խոսեց նաեւ հանցագործությունների եւ իրավախախտումների աճի մասին։

«Սպանությունների, ինքնասպանությունների թիվն ավելացել է։ 7–8 տարի առաջ մենք համարվում էինք ուրախ ժողովուրդ, բոլոր ցուցանիշներով մենք շատ ավելի ուրախ ժողովուրդ էինք, քան վրացիները։ Հիմա ինքնասպանությունների մակարդակով մենք անցել ենք այնպիսի դեպրեսիվ երկրների, ինչպիսին են՝ Լիտվան, Ֆինլադիան, Հարավային Կորեան։ Մեկ այլ փաստ. 10 000 բնակչի հաշվով մեզ մոտ տարեկան 22 մարդ է մահանում ավտովթարից, Գերմանիայում 3 մարդ, իսկ օրինակ՝ Բելառուսում, Ուկրաինայում, որտեղ շատ են տեղի ունենում ավտովթարներ, 10–12 մարդ է մահանում, բա լավ, այս թվերն իմանալով, վարչապետ կոչված մարդը չի՞ ուզում խորհրդակցություն հրավիրել, բա էսքան տեսանկարահանող սարքեր են տեղադրել, կարմիր գծեր կան, բա սրա արդյունքը ո՞ւր է, արդյունքում 10 000 մարդու հաշվով 11 զոհից բարձրացել ենք 21 զոհի, ուրեմն մի բան էն չի, ես չեմ ասում, որ սա պետք է վերացնել, բայց էս երկրում կա՞ մեկը, որ ասի՝ եղբայր, սա պետք է «ռազբիրատ» արվի։

Խորհրդակցությունների, Կառավարության նիստերի ժամանակ նման թեմաներով զեկույցներ չկան։ Վարչապետի անցկացրած բոլոր նիստերը մոնոլոգներ են, դիալոգն այդ մարդու համար չէ։ Ժողովուրդ, կյանքում հաջողության կարող եք հասնել, եթե ավելի շատ լսեք, քան խոսեք, լսելն ամենալուրջ խոսելն է, էս կուլտուրան չկա։ Սենց գեղավարի երկիրն ո՞ւր պետք է գնա, ոչ մի տեղ։ Ընդամենը մի քանի տարի ու  թուրքն ամեն ինչ գրավելու է, որեւէ կասկած չունենաք, այսպես երկիր չեն կառավարում»,– նշեց նա։

Ըստ Բագրատյանի՝ թեեւ Հայաստանը բարդ վիճակում է, սակայն դրա համար բուժում կա։

Մանրամասները՝ տեսանյութում։