Ուկրաինական պատերազմի պատճառով առաջացած եվրոպական ճգնաժամը ավելի կարեւոր է դարձնում Շոտլանդիայի անկախության ձգտումը եւ պահանջում է, որ Շոտլանդիան «լիարժեք դեր» խաղա Եվրոպայում կայունության եւ անվտանգության ապահովման գործում՝ որպես ՆԱՏՕ-ի հնարավոր անդամ: Այս մասին AP-ին տված հարցազրույցում ասել է Շոտլանդիայի առաջնորդ Նիկոլա Սթերջենը։

Նրա կարծիքով, Շոտլանդիան «չափազանց մեծ աջակցություն» է վայելում լիովին անկախ երկիր դառնալու եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ «Որովհետեւ Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսի առանցքային մասում Շոտլանդիայի աշխարհագրական դիրքը նշանակում է, որ դա կարեւոր նշանակություն կունենա մեր անվտանգության համար»,- ասել է Սթերջենը:

Նա նաեւ հայտարարել է, որ նախատեսում է մինչեւ հաջորդ տարի Շոտլանդիայի անկախության նոր հանրաքվե անցկացնել այն բանից հետո, երբ շոտլանդացի ընտրողները 2014 թվականին մերժել էին այդ գաղափարը:

Նա հերքել է Շոտլանդիայի անկախության որոշ հակառակորդների փաստարկներն այն մասին, որ Միացյալ Թագավորությունից անջատումը կթուլացնի Մեծ Բրիտանիան եւ ընդհանուր արեւմտյան անվտանգության դաշինքը մայրցամաքում ճգնաժամի պայմաններում՝ հաշվի առնելով Ուկրաինայի պատերազմը:

«Չնայած բոլոր խնդիրներին, ավելի կարեւոր է, որ Շոտլանդիան լիովին խաղա իր դերը... աշխարհի առջեւ ծառացած խնդիրների լուծումներ գտնելու գործում: Իսկ անկախությունը մեզ ավելի շատ հնարավորություններ է տալիս դրա համար»,- ասել է Սթերջենը: