Միացյալ Նահանգները Ուկրաինայից եգիպտացորեն եւ ցորեն դուրս բերելու ուղիներն է ուսումնասիրում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրա տեղեկություններով, Վաշինգտոնն ուսումնասիրում է սննդամթերքը ծովով, օդով եւ երկաթուղային ճանապարհով դուրս բերելու անվտանգ ուղիների լայն շրջանակ, ընդ որում՝ դիտարկվում են ինչպես Ռուսաստանի հավանությամբ, այնպես էլ առանց դրա տարբերակներ: Այս հարցում առանցքային խաղացողներից մեկը, ըստ հեռուստաընկերության, Թուրքիան է, որը ներգրավված է Ռուսաստանի Դաշնության հետ այս թեմայով բանակցություններում։

Նշվում է, որ հիշատակված խնդիրը կդառնա ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում ԱՄՆ-ի նախաձեռնած պարենային անվտանգության հարցերով համաժողովի քննարկման հիմնական թեման։ Այս ֆորումը կանցկացվի մայիսին համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ նախագահության շրջանակներում։ Դրան մասնակցելու համար Նյու Յորք կժամանի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հավանաբար՝ Թուրքիայի, Պակիստանի եւ այլ երկրների արտգործնախարարները։