«Դիմադրություն» շարժումը շարունակում է խաղաղ անհնազանդության ակցիանեը Երևանում, իսկ ոստիկանությունը շարունակում է  բերման ենթարկել քաղաքացիներին։

Քիչ առաջ բերման ենթարկվեցին «Հայրենիք» կուսակցության անդամներ Սոս Հակոբյանը, Արսեն Բաբայանը, Խաչիկ Գալստյանը, Գևորգ Գրիգորյանը ու մի խումբ այլ քաղաքացիներ։

Բերման ենթարկվածների թվում է նաև Արթուր Վանեցյանի որդին՝ Արտյոմ Վանեցյանը։

Բերման ենթարկվածները ոստիկանական ավտոբուսում վանկարկում էին «Նիկո՛լ, դավաճան», «Առանց թուրքի Հայաստան», ապա սկսեցին երգել «Գինի լից» երգը։

Ճանապարհին քաղաքացիները փակել էին ոստիկանական ավտոբուսի դիմացը, ինչից հետո վարորդը բացեց ավտոբուսի դուռն ու բերման ենթարկվածները դուրս եկան ոստիկանական մեքենայից։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Մասնավորապես, փակվել են Տերյան-Իսահակյան խաչմերուկը, Պարոնյան փողոցը, Սեւակ-Ռուբինյանց խաչմերուկը եւ այլն: Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։