Մայիսի 2-ին ընդդիմության անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանի կողմից բերման ենթարկվող քաղաքացու գլխին բռունցքով մի քանի անգամ հարվածելու դեպքով հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ է հարուցվել ։     Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով,  որ գործը հարուցվել է ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն ուղեկցվել է բռնությամբ),  մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ առայժմ չկա։ 

Ոստիկանությունից NEWS.am-ի հարցմանն ի պատասխան նշել են, որ մայիսի 2-ի դեպքով ոստիկանի նկատմամբ ծառայողական քննությունը կասեցվել է՝ հակակոռուպցիոն կոմիտեում  քրգործի հարուցման հիմքով։ 

Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին նաեւ, որ ակցիաների ժամանակ ցուցարարներին նկատմամբ առերեւույթ  բռնություն գործադրելու դեպքերի առթիվ քրեական գործեր կան հարուցված ինչպես ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի, այնպես էլ ՔՕ 308-րդ հոդվածի 1-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Թե քանի քրեական գործի մասին է խոսքը, կոմիտեից չնշեցին։