Ավստրալիայի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ութ ռուս լրագրողների, ինչպես նաեւ մի շարք պետական ծառայողների եւ կազմակերպությունների նկատմամբ։ Այս մասին ասվում է Ավստրալիայի ներքին գործերի նախարարության չորեքշաբթի օրը հրապարակված նամակում։

Մասնավորապես, սահմանափակող միջոցներն առնչվել են «Россия Сегодня» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին, RT-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Նիկոլովին, Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության լրագրող եւ հաղորդավար Սերգեյ Բրիլյովին, «Գազպրոմ-մեդիա»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ժարովին, հեռուստահաղորդավար Միխայիլ Լեոնտեւին, ռազմական թղթակիցներ Եվգենի Պոդդուբնիին, Ալեքսանդր Կոցին եւ Դմիտրի Ստեշինին, ինչպես նաեւ Հաղթանակի թանգարանի տնօրեն Ալեքսանդր Շկոլնիկին, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանին, ԱԴԾ տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Կորոլյովին, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Նիկոլայ Բոգդանովսկուն։

Բացի այդ, սահմանափակումներ են մտցվել ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության եւ բելառուսական երկու ձեռնարկությունների՝ թրթուրավոր տեխնիկա արտադրող «Մինոտոր-Սերվիս»-ի ու «ԿԲ Ռադար» ԲԲԸ-ի նկատմամբ:

Այն անձանց ցուցակում, որոնց առնչվել են հակառուսական պատժամիջոցները, ներառված են նաեւ Ուկրաինայի քաղաքացիներ՝ Գերագույն Ռադայի պատգամավորներ Տարաս Կոզակը եւ Իլյա Կիվան։

Մինչ օրս Ավստրալիան սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի եւ Բելառուսի 812 քաղաքացիների, այդ թվում՝ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության 47 խոշոր ձեռնարկությունների եւ կազմակերպությունների նկատմամբ։ Բացի այդ, արգելված է զենքի եւ պահեստամասերի, նավթի եւ գազի արդյունահանման համար հումքի ու սարքավորումների արտահանումը, ինչպես նաեւ ռուսական էներգակիրների, զենքի եւ պահեստամասերի ներմուծումը։