44-օրյա պատերազմում զոհվածներ ծնողները հավաքվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ, սակայն նրանց թույլ չեն տալիս մտնել շենքից ներս։ Զինվորական քննչական գլխավոր վարչության ներկայացուցիչն հայտնեց, որ ծնողները չեն կարող ներս մտնել։ «Ասում են, որ սպասեն կկանչեք»,- նշեց նա՝ հորդորելով դուրս գալ բակից։

«Զարթոնք» կուսակցության ղեկավար, փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ քրեական գործ կա հարուցված ինչպես Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարության հետ կապված, այնպես էլ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին 430 փաստաբանների հաղորդման հիման վրա։

«Այդ գործերը միացել են մեկ վարույթում։ Ցավալի է, բայց փաստ, այդ գործերով ոչինչ չի արվել։ Ապրիլի վերջին, երբ զոհվածների ծնողները գլխավոր դատախազության մոտ իրենց դժգոհությունը հայտնեցին, միայն դրանից հետո գործը սկսեց ընթացք ստանալ»,- ասաց Արա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ բոլորի խնդիրն է բացահայտել ճշմարտությունը, պարզել, թե պատերազմն ինչից եղավ և ինչու զոհվեցին մեր երիտասարդները. «Այստեղ կա 2 հարթություն. առաջինը` պատերազմի ժամանակ այնպիսի գործողություներ կատարելն է, որը հանգեցրել է այս աղետալի վիճակին։ Դա կապված է բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ի դեմս` Նիկոլ Փաշինյանի։ Երկրորդ հարթությունը`ավելի ցածր պաշտոն զբաղեցնող, զինվորական կառավարման մեջ գտնվող անձանց կողմից այն ապօրինություններն են, որոնք նույնպես պատճառ են դարձել մեր հայրենակիցների զոհվելուն և տարածքներ կորցնելուն»,- ընդգծեց նա։

Զոհրաբյանը նշեց, որ իրենք ունեն հիմնավոր կասկած, որ նախաքննության մարմիններն ի վիճակի չեն, անկարողունակ են հասնելու վարչապետին, քանի որ այդ կառուցների ղեկավարները կառավարության կողմից  են նշանակվում։

«Վարչապետին հարցաքննելը խնդիր է դարձել։ Հասարակության կողմից այս վերահսկողությունը քննիչներին պետք է ուժ հաղորդի, որպեսզի իրենք այս գործով քննություն անեն։ Մեր ուզածը դա է, մենք չենք ասում անհիմն մարդկանց մեղադրեք, ասում ենք՝ պարզեք ճշմարտությունը»,- նշեց Արա Զոհրաբյանը։

Նա հիշեցրեց, որ դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 22-ին 430 փաստաբան հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։ Սակայն մինչև օրս, ըստ նրա, այդ գործով մեղադրյալ չկա, ավելին Նիկոլ Փաշինյանը չի հարցաքննվել։

Փաստաբանը նշեց, որ միայն 2022թ-ի մայիսի 2-ին են տուժողներ ներգրավել, որից հետո եղել է միջնորդություն մյուս փաստաբանական թիմի կողմից, որպեսզի Փաշինյանին հարցաքննեն։

«Դատախազությունն ուղղարկել է քննչական մարմնին՝ ցուցում տալով կատարել այդ քննչական գործողությունը, բայց առ այսօր հարցաքննության չի ենթարկվել Նիկոլ Փաշինյանը։ Մեր նպատակն է պարզել, թե երբ է Փաշինյանը հարցաքննվելու, արդյոք քննիչն իր մեջ այդքան ուժ գտնելու է նրան հրավիրի այղտեղ և հարցաքննի»,- ասաց Արա Զոհրաբյանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու հարցի լուծումը հետաձգվել է, իսկ նրա ձերբակալելու միջնորդությունը՝ մերժվել: