Մայիսի 16-ին հաղորդվել էր «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդի կողմից անձը չպարզված տղամարդուն մահվան ելքով վրաերթի ենթարկելու մասին: Պարզվել է, որ մահացածը 1946 թ. ծնված Սեդրակ Միքայելյանն է:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 16-ին, ժամը 01.40-ին, Կիևյան փողոցում վրաերթի ենթարկված Սեդրակ Միքայելյանը կրկնակի վրաերթի էր ենթարկվել «Տոյոտա» մակնիշի մեկ այլ մեքենայի վարորդի կողմից, որը հեռացել էր պատահարի վայրից:

«Տոյոտայի» 40-ամյա վարորդը մայիսի 17-ին Օհանովի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին:

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

 Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 16-ին, ժամը 01.40-ին, Երևանի Կիևյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդու, որը մահացել է: «Տոյոտան» այնուհետև բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի: Կատարվում է նախաքննություն: