Շվեդիան եւ Ֆինլանդիան կարող են Նիդեռլանդների եւ եվրոպական այլ երկրների ռազմական պաշտպանությունն ակնկալել, երբ ՆԱՏՕ-ին հայտ ներկայացնեն, ասել է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը, փոխանցում է Euractiv-ը։

«Քանի որ Շվեդիան եւ Ֆինլանդիան ԵՄ անդամ են, անվտանգության եվրոպական երաշխիքներն ամեն դեպքում կգործեն։ Հնարավորություններն ավելի քան բավարար են։ Պարզապես պետք է միասին տեսնենք, թե որն է լավագույնը բոլորի համար, եւ որտեղ կարող ենք ավելին անել»,- ասել է քաղաքական գործիչը։

Շվեդիայի եւ Ֆինլանդիայի դեսպանները Բրյուսելում գլխավոր գրասենյակում դաշինքին միանալու հայտերը պաշտոնապես հանձնել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին։

Գլխավոր քարտուղարն ասել է, որ ՆԱՏՕ-ն ողջունում է այդ երկրներից կազմակերպությանն անդամակցելու հայտերի ներկայացումը։ Սթոլթենբերգն ընդգծել է, որ դաշինքը կանի անհրաժեշտ ամեն ինչ՝ այս հարցը հնարավորինս արագ լուծելու համար։

Սթոլթենբերգը նաեւ կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության վերաբերյալ որոշում կայացնելիս Անկարայի հետ կարգավորել անվտանգության հետ կապված մտահոգությունները։