Բազմաթիվ քաղաքական գործիչների որդիներն անհայտ պատճառներով լքել են Հայաստանը՝ չկատարելով իրենց պարտավորությունները երկրի հանդեպ։ Այս մասին մայիսի 18-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ​​հանձնաժողովի նիստին հայտարարեց հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ոստիկանությունն արդեն ՊՆ-ին պետք է փոխանցած լիներ  մարզական կազմվածքով բոլոր տղամարդկանց ցուցակը, ովքեր մասնակցում են ընդդիմության ակցիաներին։ «Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր կարող են ներգրավվել ՀՀ զինված ուժերի ուսումնամարզական հավաքներում»,- պարզաբանեց Քոչարյանը։

Նա կոչ արեց արագացնել գործընթացը։ «Մենք տեսնում ենք, որ այլ երկրներից էլ են մարդիկ եկել եւ ինչ-ինչ պատճառներով անվտանգության ոլորտում մեր խնդիրները լուծում են Երեւանի Օպերայի դիմացի հրապարակում»,- եզրափակեց պատգամավորը՝ «մոռանալով», թե ինչ ակտիվ մասնակցություն են ունեցել արտասահմանից ժամանածներն իր քաղաքական ուժի «թավշյա հեղափոխությանը»։