Ուկրաինան այլընտրանքային ուղիներ է ձեռնարկում Օդեսայի նավահանգստի պահեստարաններից ցորենի պաշարների արտահանման համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով անանուն տեղեկատուին։

«Այլընտրանքային երթուղի է մշակվել Ռենի եւ Իզմայիլ նավահանգիստներով, որտեղից դրանք այնուհետեւ շարժվում են Դանուբով»,- հայտնել է աղբյուրը: Նրա խոսքով՝ հացահատիկն արտահանվում է երեք տերմինալներով՝ 110.000-ից 250.000 տոննա տարողությամբ։
Աղբյուրը մանրամասնել է, որ Օդեսայի նավահանգստում մինչեւ փետրվարի 24-ն պահվում էր մոտ 200 հազար ցորեն։ Հացահատիկից բացի, Օդեսայի նավահանգստից ապրիլին սկսել են ապրանքներով բեռնարկղեր արտահանվել:

Մինչդեռ, ըստ «Օբօզրեվատել»-ի, գերմանական Deutsche Bahn կոնցեռնը սկսել է օգնել Ուկրաինային երկաթուղով հացահատիկ արտահանել, երկրի նավահանգիստները շարունակում են արգելափակված մնալ ռուսական զորքերի կողմից: Ուկրաինայից հացահատիկ մասնավոր արտահանողների անունից օրական 2-3 գնացք է մեկնում:

Գնացքներն անցնում են Լեհաստանով եւ ապրանքներ են տեղափոխում Արեւմտյան Եվրոպայի հացահատիկի տերմինալներ: Այդ մասին, ըստ Spiegel-ի, ասել է գերմանական երկաթուղու ղեկավար Ռիչարդ Լուտցը։

Ուկրաինայում 7-10 միլիարդ դոլարի արտահանման համար նախատեսված հացահատիկի ավելցուկ է կուտակել, երկիրը դրանց մատակարարման ուղիներ է փնտրում, քանի որ երկրի ծովային նավահանգիստներն արգելափակված են։ Ավելի վաղ այս եղանակով իրականացվում էր հացահատիկի, հանքաքարի եւ այլ մեծածավալ բեռների մատակարարումների 85-90 տոկոսը, ուստի տրանսպորտային այս երթուղու արգելափակումը մեծ հարված է հասցրել արտահանման հնարավորություններին։