Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն անմեղ է, թող դուռը բացի, եւ մեզ ընդունի: Այս մասին այսօր`մայիսի 18-ին, ՔԿ զինվորական վարչության  բակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներից մեկը։

«Այս իշխանությունների վարմունքը մեկ բան է ասում, որ այդպես էլ պետք ա լիներ, ինչի՞ մեր երեխաները հավի ճուտ էին: Եթե մեղավորներ կան, թող պատժի մեղավորներին: Իսկ եթե տարի վեց ամիս լռել է ու ստորաբար ինչ որ քայլեր է ձեռնարկում ծնողների նկատմամբ, դա ի՞նչ է նշանակում: Վերջապես մեզ էլ հասկացեք՝ որքա՞ն լռենք: Իմ տղան զոհվել է Ֆիզուլիում, ինձ համար մեծ ցավ է, որ իմ տղայի թափած արյան վայրում թուրքն է քայլում»,- ասաց զոհված զինծառայողի ծնողը:

Նշենք, որ այս պահին զոհվածների ծնողները վարչության բակում են, պահանջում են զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրիկին՝ Գարիկ Գալեյանին, ազատ արձակել, ինչպես նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել հարցաքննության։