ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որն այցելել էր ՔԿ զինվորական քննչական վարչություն, քիչ առաջ դուրս եկավ այնտեղից ու հայտարարեց, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, որին ձերբակալել էին, այս պահին հիվանդանոցում է։

«Սրտի հետ կապված խնդիր ունի, նոր տեղեկացանք, որ ինքնազգացողությունը բավարար է, հիվանդանոցից հետո տեղափոխվելու է ՔԿ զինվորական վարչություն, որտեղ կշարունակեն քննչական գործողությունները։ Գալեյանի եղբայրն էլ այս պահին ՔԿ-ում  է, դեռևս մեղադրանք առաջադրված չէ, բայց պատրաստվում են առաջադրել», - լրագրողներին ասաց Վանեցյանը։

Նա ասաց, թե ինքը, պատգամավորներ Տիգրան Աբրահամյանն ու Արմենուհի Կյուրեղյանը միջնորդություն են ներկայացրել  Գարիկ Գալեյանի  խափանման միջոցը փոխելու համար: «Պետք է դիմումը քննարկեն, որից հետո կատարենք վճարում, վճարումից հետո կորոշեն՝ խափանման միջոցը փոխեն, թե ոչ: Հույս ունենք՝ քննչական մարմինը գիտակից կգտնվի ու նման անհեթեթ մեղադրանքով հերոսի ծնողին մեղադրանք չի առաջադրի», - ասաց Արթուր Վանեցյանը։

Նա ասաց, թե այս իրավիճակը տարօրինակ է, երբ անհիմն մեղադրանքով ձերբակալված է հերոսածին հայր Գարիկ Գալեյանը. «Ծայրահեղ իրավիճակ է, անհավատալի է, որ հիմա մենք կանգնած ենք ու ասում ենք՝ ձերբակալվել են Գարիկ Գալեյանն ու իր եղբայրը»,-ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահը։

Նա նշեց, թե թողել է ՔԿ-ում իր հեռախոսահամարը, որ զանգեն ու տեղեկացնեն՝ ինչ որոշում են կայացրել Գարիկ Գալեյանի գործով։

Պատգամավորները անձնական երաշխավորություն են ներկայացրել Գալեյանի համար. երեք պատգամավորով պետք է վճարեն 500-հազարական դրամ։

«Մենք սպասում ենք միջնորդության քննարկմանը, որ գումարը վճարենք ու, եթե դրական լինի, Գարիկ Գալեյանն ազատ արձակվի» ,- նշեց Արթուր Վանեցյանը։

Նշենք, որ նախօրեին ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության շենքում միջւադեպ էր եղել զոհված զինծառայողների ծնողների եւ քննիչների միջեւ: Իրար քաշքշել էին, հնչել էին հայհոյանքներ: Այսօր առավոտյան Գարիկ Գալեյանին ձերբակալել են:

Մեր զոհված տղաներից Մխիթար Գալեյանի հորն են ձերբակալում. Աննա Գրիգորյան

Քննչական կոմիտեն՝ Մխիթար Գալեյանի հոր ձերբակալության մասին