44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի՝ սպային շշով հարվածելու մեղադրանք առաջադրված չէ, խնդրում եմ՝ այդ տարընկալումներից զերծ մնալ։ Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ Գալեյանին առաջադրված է մեղադրանք սպայի համազգեստից քաշքշելով՝ ֆիզիկական ցավ պատճառելու համար. «Այսինքն՝ ֆիզիկական ցավը պատճառվել է համազգեստին։ Մենք հիմա կմիջնորդենք, որպեսզի համազգեստը որպես տուժող ճանաչվի։ Մենք բացարկ ենք ներկայացնելու Զինվորական քննչական գլխավոր ամբողջ վարչությանը, ներառյալ նաեւ չորրորդ կայազորային քննչական բաժնին, քանի որ երեկ ծնողների նկատմամբ իրենց կողմից տեղի են ունեցել սեռական հայհոյանքներ, անգամ փորձել են հարվածել ծնողներին»,- ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ այդ քննիչները չեն կարող լինել անկողմնակալ, անաչառ եւ կատարել օբյեկտիվ քննություն։

Նշենք, որ Գարիկ Գալեյանն այս պահին ձերբակալված է։ Ըստ Քննչական կոմիտեի, նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք, սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, հայհոյել են, քաշքշել եւ բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին: