Հռոմը վճռականորեն աջակցում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հայտին եւ պատրաստ է արագացնել ներքին ընթացակարգերը, որպեսզի երկու երկրները հնարավորինս շուտ միանան դաշինքին: Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, հայտնում է Reuters-ը։

«ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը հստակ պատասխան է Ուկրաինա ռուսական ներխուժմանը եւ այն սպառնալիքին, որը այն ներկայացնում է Եվրոպայում խաղաղության, մեր հավաքական անվտանգության համար»,- Հռոմում Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Դրագին:

Չորեքշաբթի օրը Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ի դաշինքին միանալու պաշտոնական հայտ են ներկայացրել։

Մարինն ասել է լրագրողներին, որ անդամակցության արագ վավերացումը «այս փուլում Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անվտանգության լավագույն երաշխիքը կլինի»:

Այժմ, երբ հայտերը պաշտոնապես ներկայացվել են, սկանդինավյան երկրները եւ նրանց աջակիցները ամիսներ շարունակ անորոշության մեջ կլինեն, քանի որ նրանց հայտերի դեմ ցանկացած դիմադրություն պետք է հաղթահարվի, եւ ՆԱՏՕ-ի բոլոր 30 անդամները պետք է հաստատեն ընդլայնումը:

Իտալիան նույնպես պարտավորվել է աջակցել Ֆինլանդիային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի, որպեսզի նա դառնա դաշինքի անդամ:

«Ինչպես ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի շատ այլ երկրներ, մենք կմասնակցենք անցումային շրջանում Ֆինլանդիայի անվտանգության ապահովմանը, թե ինչ կբերի դա իր հետ, մենք տեղում կտեսնենք»,- ասել է Դրագին՝ հավելելով, որ Եվրոպան ՆԱՏՕ-ի համակարգը լրացնող պաշտպանական համակարգ պետք է կառուցի։

«Սա ընտրության պահ է, եւ մենք ցանկանում ենք, որ Եվրամիությունն ընտրի գլխավոր հերոսի դերը»: