Երեւանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության մասին հաղորդագրությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Այս տարվա մայիսի 16-ին Մոսկվայում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ ուշադրություն դարձրեց նախկին ԽՍՀՄ տարածքում կենսաբանական անվտանգության ապահովման խնդիրներին։

Ուկրաինայում ԱՄՆ ռազմական-կենսաբանական ծրագրի մասին տեղեկատվությունը լայն արձագանք է առաջացրել։ Կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության վերաբերյալ դեսպանություն եկող ԶԼՄ-ների հարցերի առնչությամբ ցանկանում ենք նշել հետեւյալը.

Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է արդյունավետ փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի հետ՝ կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում։ Դրա ակտիվացմանը նպաստել է 2021 թվականի մայիսին կենսաբանական անվտանգության ապահովման երկկողմ փոխըմբռնման միջկառավարական հուշագրի ստորագրումը։

Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ոլորտում իրականացվում են մի շարք հաջողված նախագծեր, որոնց արդյունքում ապահովվել են սանիտարահամաճարակային իրավիճակի արդյունավետ մոնիթորինգը, տեղեկատվության փոխանակումը, կարեւոր գիտահետազոտական, տեխնիկական եւ մեթոդական աջակցությունը Հայաստանի լաբորատոր ցանցի բարելավմանն ու պրոֆիլային մասնագետների ուսուցումը։ ՄԻԱՎ-ի դեմ պայքարում երկկողմ համագործակցության շնորհիվ Հայաստանը դարձավ առաջին երկրներից մեկը, որտեղ վերացվեց ՄԻԱՎ-ի փոխանցումը մորից երեխային։ Ռուսաստանի կողմից փոխանցված շարժական լաբորատորիաների օգտագործմամբ համատեղ աշխատանքը թույլ է տվել Հայաստանի տարածքում կանխել ժանտախտի եւ վտանգավոր այլ վարակների ելքը բնական օջախներից։

Միեւնույն ժամանակ, կենսաբանական անվտանգության մասին հիշյալ հուշագրի կատարման համատեքստում մենք դեռեւս ունենք հարցեր՝ կապված կենսաբանական ոլորտում Հայաստանի եւ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների փոխգործակցության մասին ստացվող (ներառյալ՝ ռազմական գերատեսչությունների միջոցով) տեղեկությունների վերաբերյալ։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը թիրախավորում է իր կողմից ֆինանսավորվող Ռ. Լուգարի անվան կենտրոնը Վրաստանում՝ ակտիվացնելով մանրէաբանության եւ համաճարակաբանության ոլորտում համատեղ գիտական հետազոտությունները Հայաստանի եւ տարածաշրջանի այլ երկրների հետ։ Մանրակրկիտ վերլուծության է արժանի նաեւ արեւմտյան մասնավոր ընկերությունների գործունեությունը, որոնք, Պենտագոնի շահերից ելնելով, կենսաբանական հետազոտություններ են իրականացնում Անդրկովկասյան տարածաշրջանում, ինչպես նաեւ Ուկրաինայի կենսաբանական նախագծերին մասնակցող՝ Հայաստանի կառույցների առկայությունը։ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները չեն բացատրում, թե ինչ են անում Հայաստանում՝ ռուսական սահմանների անմիջական հարեւանությամբ։ Այս գործոնը, իհարկե, մեր կողմից հաշվի է առնվում Ռուսաստանի կենսաբանական անվտանգության ապահովման համատեքստում»։