Զոհրաբ Իգիթյանը, ում աչքը մայիսի 18-ին անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանները վնասել են, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց միջադեպի մանրամասները։

«Ես Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում էի, որտեղ քաղաքացիները անհնազանդության ակցիա էին անցկացնում։

Ոստիկանները գետնին էին տապալել պատերազմի մասնակցին։ Այդ պահին մի կին վազեց եւ հարցրեց. «Գիտե՞ք, թե ում եք գետնին գցել։ Նա պատերազմի հերոս է»։ Ոստիկաններն ասացին, որ իրենց համար միեւնույնն է, թքած ունեն»: Դրանից հետո նրան ձեռնաշղթաներով քարշ տվեցին ասֆալտի վրայով։

Այդ պահին ես միջամտեցի՝ փորձելով ամաչեցնել նրանց։ Հետո ոստիկանները հարձակվեցին վրաս, եւ նրանցից մեկը մատը աչքս մտցրեց, ես համարյա կուրացա, արյուն հոսեց։

Ստացել եմ անհրաժեշտ բուժօգնություն։ Հիմա տանը պառկած եմ»,- պատմեց Իգիթյանը։