Մոսկվայի կողմից Հարավային Կովկասի կորուստը կհանգեցնի Ռուսաստանի ողջ հարավի կորստի եւ կասկածի տակ կդնի ռուսական պետության գոյությունը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

«Հարավային Կովկասը «կարմիր գիծ» է Թուրքիայի համար: Թուրքիային արդեն շատ բան է թույլ տրվել։ Կովկասը Կրեմլը դիտարկում է ազգային անվտանգության համատեքստում։ Այստեղ՝ նույնիսկ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հնարավոր անդամակցության համատեքստում, Թուրքիայի հետ քննարկելու բան չկա»,-հավելեց նա։ 

Ըստ Իսպիրյանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը Թուրքիայի համար հնարավորություններ ստեղծեց լուծելու խնդիրները թե՛ արտաքին քաղաքական (երկարատեւ մեկուսացումից դուրս գալու) եւ թե՛ ներքաղաքական (տնտեսական խնդիրներ ունենալու եւ Էրդողանի իշխանության վարկանիշի անկման առումով): 

«Այս պատերազմը փրկօղակ է դարձել Անկարայի համար։ Թուրքիան կրկին սկսեց վարել իր ավանդական երկերեսանի քաղաքականությունը։ Այժմ նա որոշել է օգտվել նաեւ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի շուրջ ընթացող գործընթացներից՝ իր նկատմամբ կիրառված պատժամիջոցները հանելու համար։

Թուրքիան շանտաժի է ենթարկում Արեւմուտքին՝ F-35 գնելու, պատժամիջոցների վերացմանը, զենքի գնման էմբարգոյի վերացմանը, Ս-400-ի շուրջ թեմայի փակմանը հասնելու համար։ 

ՆԱՏՕ-ում բոլորը դա հասկանում են, ուստի կփորձեն չնեղացնել Անկարային։

Թուրքիային հաջողվում է խաղալ Մոսկվայի եւ Արեւմուտքի հակասությունների վրա։ Այս դեպքում Ռուսաստանը Թուրքիային ոչինչ չունի առաջարկելու ։ Ուստի ամեն ինչ կախված կլինի Թուրքիայի եւ Արեւմուտքի միջեւ բանակցություններից։ Ամենայն հավանականությամբ, Թուրքիան կհամաձայնի, պարզապես կփորձի իր համար ինչ-որ բան կորզել»,- նշեց փորձագետը։