Իսրայելի իշխանությունները թույլատրել են հրեա ազգայնականներին այս ամսվա վերջին երթ անցկացնել պաղեստինյան գլխավոր մայրուղով Երուսաղեմի Հին քաղաքում, ինչը կարող է բռնության նոր ալիք առաջացնել, փոխանցում է AP-ն։

Ներքին անվտանգության նախարար Օմեր Բարլեւի գրասենյակից հայտնել են, որ երթը տեղի կունենա մայիսի 29-ին «սովորական երթուղով»՝ Դամասկոսյան դարպասներով:

Ամեն տարի հազարավոր իսրայելցի ազգայնականներ երթ են անցկացնում՝ իսրայելական դրոշներ ծածանելով, երգեր երգելով եւ որոշ դեպքերում հակաարաբական կարգախոսներ վանկարկելով պաղեստինցիների տեսնելիս եւ նրանց ձեռնարկությունների կողքով անցնելիս:

Հաղորդվում է, որ որոշումը կայացվել է ոստիկանության հետ խորհրդակցելուց հետո:

Երթը նվիրված է 1967 թ. մերձարեւելյան պատերազմի ժամանակ Իսրայելի կողմից Արեւելյան Երուսաղեմի գրավման հիշատակին: Իսրայելն այնուհետեւ բռնակցեց այդ տարածքը: Պաղեստինցիները հավակնում են Արեւելյան Երուսաղեմին՝ որպես ապագա պետության մայրաքաղաքին:

Անցյալ տարվա պատերազմը Գազայում բռնկվեց հենց այն ժամանակ, երբ երթը նոր էր սկսվում, թեեւ իշխանությունները վերջին պահին փոխեցին երթուղին՝ Դամասկոսյան դարպասներից խուսափելու համար։